Մատչելիության հղումներ

Կալլասը և ԵՄ երկրների ԱԳ նախարարները ժամանել են Կիև

Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը և ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները ժամանել են Կիև, հայտնում է Reuters-ը:

Կիևի կենտրոնական երկաթուղային կայարանում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան դիմավորել է Կալլասին և մոտ մեկ տասնյակ ԱԳ նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների։

«Այսօր մենք նշում ենք Բուչայի կոտորածի մռայլ տարելիցը: «Ռուսական հանցագործությունների համար համապարփակ պատասխանատվությունը կենսական նշանակություն ունի Եվրոպայում արդարադատությունը վերականգնելու համար: Եվ այսօր մենք կխթանենք պատասխանատվության ջանքերը»», - նշել է Սիբիհանը:

Կալլասն էլ X-ի իր էջում գրել է՝ «յուրաքանչյուր այց հզոր հիշեցում է Ուկրաինայի քաջության և դիմադրողականության մասին»։

«Եվրոպան ձեր կողքին է։ Մենք կշարունակենք տրամադրել ռազմական, ֆինանսական, էներգետիկ և մարդասիրական աջակցություն։ Եվ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք Ռուսաստանի հանցագործությունների համար լիակատար պատասխանատվություն», - նշել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները մարտի 31-ին կհանդիպեն Բուչայում։


XS
SM
MD
LG