Մատչելիության հղումներ

«Առերևույթ քաղաքականապես մոտիվացված հետապնդում». Քաղհասարակության ներկայացուցիչները պահանջում են ազատ արձակել Արթուր Դանիելյանին

Արթուր Դանիելյան, արխիվ
Արթուր Դանիելյան, արխիվ

Հայաստանյան քաղհասարակության ավելի քան մեկ տասնյակ կազմակերպություններ դատապարտում են սոցցանցային գրառումների համար «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ այն համարելով «առերևույթ անօրինական, անհամաչափ և քաղաքականապես մոտիվացված»:

«Առավել անօրինական և անհամաչափ է նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կիրառված կալանավորումը, որն ակնհայտորեն նրա հանրային խոսքը սահմանափակելու և նրան պատժելու նպատակ է հետապնդում, հատկապես արտաքին աշխարհի հետ շփումների սահմանափակումների կիրառման պայմաններում», - հայտարարում են քաղհասարակության ներկայացուցիչները:

Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնում խոսքի ազատության իրավունքի իրացման համար քրեական հետապնդումների շարունակական դրսևորումների կապակցությամբ՝ շեշտելով, որ դա համահունչ չէ Հայաստանի որդեգրած ժողովրդավարացման ուղուն:

Նախօրեին կալանավորված «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանին սոցցանցային գրառումների համար մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի հոդվածներով: Նրա փաստաբանը հայտնել է, որ երկրորդ մեղադրանքը վերաբերում է ԱԱԾ-ին արատավորելուն: Այս հոդվածներով մինչև հինգ տարվա ազատազրկում է նախատեսված:

Մեղադրանքն առաջադրած Քննչական կոմիտեն օրեր շարունակ մանրամասներ չի հայտնում այս քրեական գործից: Դանիելյանը հայտնի է իշխանությանը քննադատող սոցցանցային կոշտ գրառումներով:

Ձերբակալվելուց ժամեր առաջ նա «Ֆեյսբուք»-ում «վիժվածք» էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերելով Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողի և հայ գերիների փոխանակման մասին նրա մեկնաբանությունը:

Քաղհասարակության ներկայացուցիչները շեշտում են՝ նույնիսկ վիրավորական խոսք պարունակող գրառման համար քրեական արդարադատության գործիքակազմի և ամենախիստ խափանման միջոցի կիրառումը ոչ իրավաչափ և անհամաչափ միջամտություն է անձի իրավունքներին և առերևույթ հակասում է խոսքի ազատության իրավունքի առնչությամբ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով զարգացած սկզբունքներին:

«Ժողովրդավարական հասարակությունում խոսքը, թեկուզ՝ սուր, վիրավորական կամ այլ կերպ ոչ իրավաչափ խոսքը սահմանափակելը և դրա համար պատժելը քրեաիրավական գործիքակազմի կիրառմամբ չի կարող համարվել իրավաչափ և համաչափ, այլ կրում է պատժիչ բնույթ և հասարակական լայն շրջանակներին ուղղված կոնկրետ ազդակ է հանդիսանում՝ նպատակ ունենալով լռեցնել այլակարծությունը, քննադատական և անցանկալի խոսքը», - նշում են հայտարարության հեղինակները՝ պահանջելով անհապաղ վերացնել Դանիելյանի կալանքը և դադարեցնել քրեական հետապնդումը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG