Մատչելիության հղումներ

Ջերմաստիճանը գիշերը նորից կնվազի. Սուրենյանը նշում է՝ այս օրերի ցուրտն աննախադեպ չէ


Ցուրտն ավելի ցուրտ է թվում, երբ տունը լիարժեք տաքացնելու հնարավորություն չկա:

«Աշխատում եմ քիչ միացնել, որ քիչ վճարեմ», - «Ազատությանն» ասաց քաղաքացիներից մեկը:

Հույս չկա, թե առաջիկա օրերին արևը բնական ճանապարհով կմաքրի մայթերը, կտաքացնի տները: Ջերմաստիճանն այս գիշեր նորից կնվազի:

«Առաջիկա գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել ևս 3-4 աստիճանով և մինչև հունվարի 7-ը կմնա անփոփոխ», -հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը՝ հավելելով՝
տաք օդային հոսանքի սպասեք հունվարի 8-ից:

Իսկ հիմա ու վերջին օրերին բոլորովին էլ աննախադեպ ցուրտ չէ, շեշտում է մասնագետը՝ վերլուծելով եղանակային տվյալները:

Անցած գիշեր Աշոցքում մինուս 37 է գրանցվել, աննախադեպ չէ՞: Ոչ, ասում է Սուրենյանը՝ Աշոցքը մինուս 41 է տեսել: Երևանում մինչև մինուս 19 նույնպես արտառոց չէ, քաղաքում պատմական նվազագույնը մինուս 31-ն է եղել: Ի դեպ՝ այս օրերին Երևանի բարձրադիր գոտիներում՝ Մասիվ, Քանաքեռ, Ավան, ավելի տաք է, քան ներքևում՝ Շենգավիթում օրինակ: Պատճառն, ըստ մասնագետի, այն է, որ Արարատյան դաշտում սառը օդի լճացում կա: Սուրենյանը վստահ է՝ տոնական ցիկլոնն ու նրան հաջորդած բացասական ջերմաստիճանները որևէ վնաս չեն հասցնի գյուղատնտեսությանը:

«Ոչ մի նշանակություն էլ չեն ունենա, որովհետև հանրապետության ողջ տարածքում առկա է ձնածածկույթ, և գյուղատնտեսության վրա ոչ մի ձևով դրանք չեն կարող ազդել բացասական առումով, ճիշտ հակառակը՝ ձնածածկույթը դրականորեն է ազդում գյուղատնտեսության վրա, որովհետև աշնանացանը գտնվում է հաստ ձնածածկույթի տակ», - ասաց նա:

Ձյան շերտն Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում մեկուկես մետրի է հասել, տեղումները դադարել են, բայց հանրապետության ճանապարհները մնում են վտանգավոր՝ մերկասառույց է: Օրվա առաջին կեսին ճանապարհային դեպարտամենտը հաղորդել էր, որ կան փակ ճանապարհներ՝ Բերդ- Ճամբարակ, Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող հատվածները: Սարավան-«Զանգեր»-ը դժվարանցանելի էր։ Երեկոյի դրությամբ, սակայն, իրավիճակը բարելավվել է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Որոշ հատվածներ փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Տարածքային կառավարման նախարարն այսօր սոցցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել ճանապարհներ մաքրողներին՝ 24 ժամ ու երբեմն մինչև մինուս 30-ի պայմաններում են աշխատել: Խոշոր ավտովթարներից, սակայն, խոսափել չի ստացվել: Միայն այսօր երկու վթար է եղել՝ Վայոց Ձորի ու Արագածոտնի մարզերում: Այս վթարների հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել: Shamshyan.com-ը հայտնում է, որ երկու դեպքում էլ մերկասառույցն է վթարի պատճառներից մեկը եղել, ճանապարհն սպասարկող ընկերությունը ձյան շերտը հեռացնելուց հետո աղ ու ավազով այն չի մշակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG