Իսրայելը գաղտնի կերպով ռազմական և հետախուզական էլիտար ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ժամանակ։ Ստորաբաժանումները Մերձավոր Արևելքում գաղտնի կենտրոնների ցանցի մաս են կազմել և Ադրբեջանում տեղակայվել են՝ Իրանի դեմ գործողություններին նպաստելու համար, CNN-ին հայտնել է թեմային ծանոթ չորս աղբյուր։
Երկու աղբյուրների խոսքով՝ այդ ուժերը գործել են հարավային Ադրբեջանի մի քանի վայրերից՝ Իրանի հյուսիսային սահմանին հարակից և ամենամոտ կետում՝ իրանական Թավրիզ քաղաքից ընդամենը մոտ 96 կմ հեռավորության վրա, որին Իսրայելը հարվածել էր պատերազմի ժամանակ։
Մյուս երկու աղբյուրների խոսքով՝ այդ վայրում են տեղակայվել նաև հատուկ հրամանատարական ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են հետախուզական առաքելություններ և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ, ինչը Իսրայելին արժեքավոր հնարավորություն է տվել պատերազմի ընթացքում Հյուսիսային Իրանը իր տեսադաշտում պահելու համար։
CNN-ը նշում է, որ այս տեղակայումը վկայում է այն մասին, թե ինչ դեր են Իրանի հարևան պետությունները՝ այս դեպքում Ադրբեջանը, խաղացել Իրանի դեմ պատերազմի ժամանակ։ Աղբյուրները CNN-ին հայտնել են, որ Ադրբեջանից բացի՝ նման գաղտնի առաքելություններ Իսրայելն իրականացրել է այլ երկրներում, այդ թվում՝ Իրաքում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Սոմալիլենդում։
Ադրբեջանում այս ուժերն ի սկզբանե տեղակայվել են որպես արտակարգ իրավիճակներում փրկարարական ուժեր, ապա ընդլայնել են իրենց գործունեությունը և սկսել են օգտագործվել ռազմական և հետախուզական գործողությունների համար։
Ընդհանուր առմամբ, պատերազմի ընթացքում աղբյուրների կողմից նկարագրված իսրայելական ուժերը տեղակայվել են Իրանի հարավային, արևմտյան և հյուսիսային ծայրամասերում՝ հարյուրավոր կիլոմետրերով ընդլայնելով իսրայելական բանակի հասանելիությունը դեպի Իրանի խորքերը։
Այս ուժերը Իսրայելին օգնել են շարունակաբար հարվածներ հասցնել Իրանում գտնվող տարբեր թիրախների։
CNN-ը նշում է, որ Իսրայելը վաղուց է Ադրբեջանին համարում Իրանի դեմ պայքարում իր ռազմավարական գործընկեր։
Ըստ աղբյուրների՝ նախապատրաստական աշխատանքները սկսվել են պատերազմի մեկնարկային հարվածներից մի քանի շաբաթ առաջ։ Հունվարի կեսերին, երբ Իրանը ճնշեց լայնածավալ բողոքի ցույցերը՝ զանգվածաբար սպանելով ցուցարարներին, Իսրայելն այդ ժամանակ է պատրաստել գաղտնի առաքելությունը Ադրբեջան-Իրան սահմանի երկայնքով։
Լրատվամիջոցի աղբյուրներն այն նկարագրել են որպես նախնական գործողություն, որը հիմք է դրել լրացուցիչ քայլերի՝ տարածքում լսողական և հետախուզական սարքավորումներ տեղադրելով։
Իսրայելը պլանավորում էր գործողությունն իրականացնել հունվարի կեսերին։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին րոպեին չեղարկել է հարվածները՝ ասելով, որ Իրանը համաձայնել է դադարեցնել ցուցարարների սպանությունները։ Սակայն, ըստ CNN-ի, Իսրայելը շարունակել է ինքնուրույն գործել, քանի որ Թել Ավիվում վստահ էին, որ Իրանի հետ բանակցությունները կձախողվեն։
Հետախուզական տվյալների հավաքագրման վայրը դարձել է ևս մեկ միջոց, որի միջոցով Իսրայելը կարողանում էր տեղեկություններ հավաքել իրանական ռազմական տեղաշարժերի և օբյեկտների մասին, ինչպես նաև վաղ նախազգուշացում տրամադրել հրթիռների արձակման մասին։
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան խոսնակը CNN-ի հետ զրույցում հերքել է նման ուժերի տեղակայումը Ադրբեջանի տարածքում․ «Մենք կտրականապես հերքում ենք անհիմն պնդումները՝ Ադրբեջանի տարածքը երրորդ երկրների դեմ գործողությունների համար ենթադրաբար օգտագործելու վերաբերյալ»,- ասել է նա։