Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար, Գերագույն դատարանի դատավոր Նոամ Սոլբերգը դիմել է Ընդհանուր անվտանգության ծառայության (SHABAK) ղեկավար Դավիթ Զինիին՝ պահանջելով քննել հնարավոր օտարերկրյա միջամտությունը հոկտեմբերի 27-ի ընտրություններին: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագծի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է քվեարկության արդյունքների փոփոխությանն ուղղված գործունեության՝ արտերկրից ֆինանսավորման կասկածներին:
Սոլբերգը, կոնկրետ պետություններ, կազմակերպություններ և կուսակցություններ չնշելով, պահանջել է մեկ շաբաթվա ընթացքում պարզել ենթադրյալ միջամտության հանգամանքները և ներկայացնել քննության արդյունքները:
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կառավարող «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչները ենթադրում են, թե Կատարը և Թուրքիան կարող էին ֆինանսավորել արաբ ընտրողներին մոբիլիզացնող կազմակերպությունները: Հրապարակային ապացույցներ, այդուհանդերձ, դեռևս չեն հրապարակվում:
Կասկածները ծագել են արաբ ընտրողների ակտիվության կտրուկ աճի ֆոնին: Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 27-ին այն կազմել է 80.3 տոկոս՝ 2022 թվականի 53.9 տոկոսի դիմաց: «Միասնական արաբական ցուցակը» և Ra'am կուսակցությունը, նախնական արդյունքներով, Քնեսեթում ստացել են 19 տեղ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ «Լիկուդ»-ը և դաշնակիցները Քնեսեթում 53 տեղ են ստանում: Ընդդիմադիր սիոնիստական կուսակցությունները ստանում են 48 տեղ, ևս 19 տեղ բաժին է հասել արաբական կուսակցություններին: Կառավարություն ձևավորելու համար 120-տեղանոց խորհրդարանում անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ: