Իսրայելում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում, ըստ քվեարկությունից հետո անցկացված հարցումների, մասնակից ուժերից ոչ մեկը չի ստանում բացարձակ մեծամասնություն, հաղորդում է BBC-ին:
Առաջատար հեռուստաընկերությունների անցկացրած հարցումները պարզել են, որ ո՛չ վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը, ո՛չ էլ նրա հիմնական մրցակից գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը չեն ստանում բացարձակ մեծամասնություն 120 տեղանոց Քնեսեթում և չեն կարող կառավարություն ձևավորվել առանց կոալիցիայի:
Ըստ հարցումների՝ Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը և նրա «Փոփոխությունների բլոկի» կազմում ընդգրկված հրեական ընդդիմադիր երեք այլ կուսակցություններ 120 տեղանոց Քնեսեթում կստանան 51 տեղ: Նույնքան մանդատ կստանան Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը և նրա ծայրահեղ աջ և ծայրահեղ ուղղափառ հրեա դաշնակիցները: Ըստ երրորդ հեռարձակողի հարցման՝ Նեթանյահուն երեքով ավելի մանդատ կստանա:
Միևնույն ժամանակ, հարցումները ցույց են տալիս, որ Նեթանյահուի «Լիկուդը» կդառնա Իսրայելի խորհրդարանի ամենամեծ առանձին կուսակցությունը՝ ստանալով 24-ից 25 տեղ։
Շատ բան կախված կլինի երկու արաբական կուսակցությունների դերից, որոնք, ինչպես կանխատեսվում է, կստանան ռեկորդային 18 կամ 19 տեղ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրատեղամասերի փակման պահին՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ին, մասնակցությունը կազմել է 77.7%՝ ամենաբարձր ցուցանիշը 1999 թվականից ի վեր։
Հնարավոր է, որ նախնական արդյունքները հրապարակվեն այսօր: Դրանց հրապարակվելուց և բոլոր քաղաքական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո Իսրայելի նախագահը կհրավիրի այն կուսակցության առաջնորդին, որն, իր կարծիքով, հաջողության ամենամեծ հնարավորությունն ունի, ձևավորելու կառավարական կոալիցիա՝ գործընթաց, որը կարող է շաբաթներ տևել։ Եթե նրանց չհաջողվի կոալիցիա կազմել, ապա, ի վերջո, ստիպված կլինեն նոր ընտրություններ անցկացնել։
Շատերը ներկայիս քվեարկությունը համարում են երկրի պատմության մեջ ամենաճակատագրականը։ Ընտրությունները նաև դիտվում են որպես վարչապետ Նեթանյահուի և նրա ծայրահեղ աջ կոալիցիայի քաղաքականության վերաբերյալ հանրաքվե։
Reuters-ը գրում է, որ Բենյամին Նեթանյահուի կառավարության քաղաքականությունը պառակտումներ է առաջացրել Իսրայելի ներսում՝ խորացնելով երկրի միջազգային մեկուսացումը: Այնուամենայնիվ, Նեթանյահուն իրեն ներկայացնում է որպես միակ առաջնորդը, որն ունի ուժ՝ դիմակայելու պետության թշնամիներին:
Հենց Նեթանյահուին են շատերը քննադատում ու պատասխանատու համարում այն սխալ հաշվարկների համար, որոնք թույլ տվեցին «Համասին» իրականացնել 2023-ի հոկտեմբերի հարձակումը, որի հետևանքով մոտ 1200 իսրայելցի սպանվեց: Նեթանյահուն հրաժարվում է ընդունել իր պատասխանատվությունը։