Իսպանիան կարգելի անչափահասներին օգտվել սոցիալական ցանցերից։ Այսօր Դուբայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ այս մասին է հայտարարել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներին։
Սանչեսի խոսքով, երկրի խորհրդարանը պատրաստվում է խստացնել սոցիալական ցանցերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը՝ նաև քրեական պատասխանատվություն սահմանելով սոցցանցերի ղեկավարների համար։
«Այդ տեխնոլոգիական պլատֆորմների ղեկավարները նաև քրեական պատասխանատվություն կկրեն, եթե անօրինական կամ ատելություն սերմանող բովանդակությունը իրենց ցանցերից չհեռացվի», - նշել է Սանչեսը։
Իսպանիայից բացի, անչափահասների համար սոցցանցերը արգելելու մտադրության մասին հայտարարում է նաև Ֆրանսիայի կառավարությունը։ Ավստրալիայում այդ արգելքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերին։