Իշխանությունն այսօր շարունակում էր ներողություն ակնկալել «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Էդգար Ղազարյանից։ Ընդդիմադիր պատգամավորը հայտարարում էր՝ իշխանության ցանկությունը կատարելու համար չի եկել Ազգային ժողով ու լռում, իսկ նրա խմբակցությունը հղում էր անում օրենքին, ըստ էության հասկացնելով, որ ներողություն չի լինելու:
Երեկվանից խորհրդարանի գլխավոր հերոսը Էդգար Ղազարյանն է, որի հայտարարության շուրջ երկու օր է՝ պտտվում են իշխանություն-ընդդիմություն հակադարձումները։
Նրա երեկվա ելույթից հետո բանն ուր որ է հասնում էր քաշքշոցի:
Երեկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ինքն էլ կուսակցի խոսքը բարեվարքության խախտում էր որակել, խոստացել քննարկել Ղազարյանի ասածը ու հետագա քայլերի մասին տեղյակ պահել։
«Ելույթները կարող են լինել սուր, կարող են լինել վիրավորական, կարող են լինել անընդունելի և այլն։ Այդ ժամանակ ի՞նչ է պետք անել։ Մենք սահմանափակված ենք Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում», - այսօր ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանը:
Խորհրդարանի փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Արամ Վարդևանյանը, այն էլ ոչ ուղղակի, նիստը վարող ՔՊ-ական Հայկ Կոնջոլյանի երեկվա արձագանքին անդրադարձավ։ Երեկ ընդդիմադիրները միայն սեփական կուսակցի ձևակերպումներն էին խնդրահարույց որակել։
«Նիստը նախագահելու շրջանակներում չափազանց կարևոր է ոչ թե իրավիճակը լրացուցիչ սրել, նիստը նախագահողը մեր խմբակցության կողմից ոչ ընդունելի որակված արտահայտության հաջորդող ժամանակահատվածում ի՞նչ արտահայտություններ արեց», - ասաց Վարդևանյանը։
Մինչ ընդդիմությունն ակնկալում էր «սխալին սխալով չպատասխանել», Էդգար Ղազարյանի արտահայտությունից վիրավորված ներողություն ակնկալող իշխանական պատգամավորները, նրանց թվում Ազգային ժողովի նախագահը, այսօր Էդգար Ղազարյանի մասին խոսում էին նույն արտահայտություններով։ Եվ նախագահողը թիմակիցներին չէր սաստում:
Իշխանականներն ասում են՝ աչք փակել չի լինելու, լինելու է պատասխան ու անհամաչափ պատասխան. «Սրիկայությունը, եթե վիրավորանք է, ուրեմն թող գա ներողություն խնդրի։ Եթե համարում եք, որ վիրավորանք չի, շատ լավ, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը առավոտից էր ներողություն ուզում լսել Ղազարյանից:
Ինչո՞ւ մտքափոխվեց «Ուժեղ Հայաստան»-ը։ Արդյո՞ք պատճառը երեկվանից հնչող քննադատությունն է Ղազարյանին մենակ թողնելու համար։ Երեկվա վեճից հետո միայն «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանը պաշտպանեց նրան։
«Բացարձակ հակասություն չկա։ Պարոն Վարդևանյանը հղում է արել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքին, որով մենք բոլորս պարտավոր ենք, ոչ թե կարող ենք ցանկանալ կամ ոչ, այլ պարտավոր ենք առաջնորդվել», - ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Մարիաննա Ղահրամանյանը։
Երեկվա միջադեպից հետո Էդգար Ղազարյանը փոխել է իր տեղը նիստերի դահիճում։ Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից ի վեր նա նստում էր ՔՊ-ական պատգամավորների հարևանությամբ, իսկ այսօր տեղափոխվել է վերջին շարք ու լրիվ այլ թև՝ ավելի մոտ ընդդիմադիր «Հայաստան»-ին։ Պնդում էր՝ խմբակցությունից նեղացած չէ, իրեն անպաշտպան չի զգում, անկախ պատգամավոր դառնալու մտադրություն չունի, մանդատից հրաժարվելու՝ առավել ևս։
Իրենք չեն անցնելու չափերը, բայց համաչափ ու մի բան էլ ավելին արձագանքելու են հայտարարում է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Արդյո՞ք իշխանության առանց վիրավորանքների աշխատելու առաջարկը արդեն հաջորդ լարվածությամբ կվերածվի բախման։