Գյուղմթերքի մեծածախ շուկայում վաճառողները տարակուսած են. շաբաթվա սկզբին կոստյումով բլոգեր քաղաքագետն ու իրենց կողքին ձմերուկ վաճառողը կոշտ բանավեճ ունեցան, ու երեկ իրավապահները ձերբակալեցին վաճառողին:
«Օրվա ապրող ձմերուկ ծախողին էկավ սարքեց, շառով խփեց, գնաց ... Շառի մեջ քցեց էդ տղուն ու տարան փակեցին», - ասաց վաճառողներից մեկը:
«Գալստուկով, կաստյում-շալվարով հագնված ա, նրան, ասենք, կարելի ա ասի՝ «ես ձեր մերը, ձեր հերը», բայց եթե էն մեկը գյուղացի ա, վաճառող ա, դախլի հետևից, որ ասի՝ «ես քու մերը» ... նրանը խուլիգանություն ա, իսկ պաշտոնյաներինը խուլիգանություն չի՞», - նշեց մյուսը:
«Ինքը ոչ մի բանում մեղք չունի, մենք ամենքս պատրաստ ենք իրա կողքը կայնած ըլնենք մինչև վերջ», - ասաց երրորդը:
Շուկայում այսօր շատերն էին հրաժարվում պատմել տեսածը, լսածը.
«Էկավ հրահեց. խոսցրեց, վերջում էլ բռնին տարան, էլ ի՞նչ խոսանք: Բոլորս էլ վախենում ենք արդեն էս երկրից... »:
Ի՞նչ է տեղի ունեցել՝ ամբողջական տեսանյութը հենց բլոգերի՝ Արամ Ավետիսյանի յութուբյան էջում է. նա էր գնացել Արմավիրի մայրուղու սկզբնամասում «Ծիածանի շուկա» կոչվող տարածք, մոտենում ու վաճառողներից կարծիք է հարցնում՝ ռուսական սանկցիաների պայմաններում ո՞նց են: Ավետիսյանն իշխանական է և մարդկանց վստահ բացատրում է, թե որտեղից ծլեցին մթերքի արտահանման ռուսական արգելքները. - «Ռոբերտ Քոչարյանի կազմակերպածն ա, վերջի վատությունն ա հայ ժողովրդին, մենք ուղղակի ուզում ենք լուսաբանենք, ներկայացնենք մեր ժողովրդին, որ էս խնդիրն էլ ա լուծվելու»:
Այս հարցուփորձի սկզբում դժգոհողներ չկան. - «Ոչինչ, մի էրկու տարի էլ վատ կապրենք, մի քիչ էլ բերք կթափենք, բայց ոչինչ»:
Արամ Ավետիսյանը ձմերուկ վաճառողների կողքով անցնելիս մի հարց է լսում՝ «դավաճանների ալի՞քն է», ու սկսվում է.
- Էդ ո՞ւմ ասիր դավաճան: Էդ ինչ-որ մեկը դավաճան ասե՞ց:
- Հա, ասի, ի՞նչ կա:
- Էդ ինձ ես ասում դավաճա՞ն:
- Դավաճանների լրատվականն ա՞, թե՞ չէ, հարցնում եմ:
- Ո՞վ ա դավաճան:
- Հողատուները:
- Հողատուն ո՞վ ա:
Զարթոնք գյուղից Արման Քալաշյանն է. դավաճանի ու հողատուի փնտրտուքը հայհոյախառն նոտաներ է ստանում.
- Ո՞վ ա Ղարաբաղը տվել: Քոչարյան վիժվածքն ա Ղարաբաղը տվել իր ճտերի հետ, արա, էղա՞վ:
- Կարա՞ս ապացուցես:
- Հա, կարամ ապացուցեմ, էղա՞վ: Համարդ կտաս կգամ թաղդ կապացուցեմ, արա:
- Արան դու ես, այ տղա:
- Ոտից գլուխ արա ես, արա, ոտից գլուխ արա ես, արա, համբալներին նայի:
- Գնա ստուց ասում եմ:
- Ով որ մեզի հողատու կասի, իրա մերն էլ, իրա հերն էլ, արա:
- Ով որ էլ մեզի կասի, իրա մորն էլ ... , հորն էլ ...
Հետո Արամ Ավետիսյանն անցնում է սպառնալիքներին. ձմերուկ վաճառողը պիտի, ըստ նրա, նստի, ու շատ երկար. - «Դու Ժուժուի կամեռում նստելու ես, էղա՞վ, արա, Քիսոյի հետ ես նստելու: Ես ստեից դուրս էկա, դու դատվելու ես»:
Նիկոլը հավերժ չի, իշխանական բլոգերին հուշում է ձմերուկ վաճառողը:
«Նիկոլը որ չլներ, հմի ստրկություն էիք Քոչարյանի, Սերժի համար անում, այ Նիկոլը ձեր նման ստրուկներին ա մարդ սարքել», - հայտարարում է Ավետիսյանը:
Այսպիսով բանավեճը սպառվում է, և իրավապահները հետաքրքրվում են միջադեպով, բայց ոչ երկու կողմերով: Երեկ ոստիկանություն բերման է ենթարկվել վաճառողը՝ Արման Քալաշյանը: Նա ձերբակալվել էր, ինչպես «Ազատություն»-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ՝ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում: Քալաշյանն ազատ է արձակվել այսօր օրվա առաջին կեսին, նրան մեղադրանք չի առաջադրվել, հարցաքննվել է կասկածի հիմքով, փոխանցեց փաստաբանը: Գուրգեն Գրիգորյանը պնդում է՝ այստեղ որևէ հանցակազմ չկա. երկու հոգու խոսակցություն է: Իսկ բլոգեր Ավետիսյանից «Ազատություն»-ը տեղեկացավ, որ իրավապահները նրանով առայժմ չեն հետաքրքրվել:
Արամ Ավետիսյանը շեշտեց՝ միջադեպից հետո ոստիկանություն հաղորդում ինքը չի ներկայացրել. - «Ես հաղորդում չեմ ներկայացրել, մենք ընդամենը էդ տեսանյութն ենք հրապարակել, և իմ կարծիքով՝ իրավապահ մարմինները, ուսումնասիրելով էդ տեսանյութը, գնահատական են տվել և որոշակի գործողություններ են սկսել»:
Տեսանյութում հստակ երևում է, որ «արա»-ով միջադեպը թեժացնում է հենց բլոգերն ինքը և առաջին հայհոյանքն էլ ինքն է տալիս, բայց՝ առանց ստորոգյալի:
«Դա հայհոյանք չի, հայհոյանք կլիներ, երբ որ ինքը հայհոյեց սեռական բնույթի, այ դա ա հայհոյանք», - պնդեց բլոգերը:
«Հայհոյանքը ո՞նց ա լինում էլ, պարտադիր բառերը պիտի լինի՞: Դե բերեք բոլորին էդ արտահայտություններն անենք՝ առանց վերջաբանը ասելու, ի՞նչ դուրս կգա: Մանավանդ որ մարդու ծնողը չկա», - հակադարձում է փաստաբան Գուրգեն Գրիգորյանը:
Ավելի թունդ լեզվակռիվներ՝ ավելի կոնկրետ սպառնալիքներով, իրավապահներին չեն հետաքրքրել: Գառնեցի մի մարդ իշխանական լրատվամիջոցով կոչ էր արել քարով խփել Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխին, ու յոթ ամիս անց էլ մեղադրյալի կարգավիճակ չունի: Վարչապետ Փաշինյանն ինքը արցախցի գործչին ինչ ասես ասաց, Նուբարաշենի բանտ ընկավ արցախցի Օսիպյանը:
Ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներին պաշտպանող փաստաբանները նկատում են՝ իշխանության քննադատները ժամերի ընթացքում են ձերբակալվում, իսկ երբ խոսքը վերաբերում է Կաթողիկոսի գլուխը ջարդելու պլանին, ամիսներով լեզվաբանական քննություն են իրականացնում:
Այս դեպքում էլ իրավապահներին հետաքրքրել է «հողատու» ու «դավաճան» բառերն անհասցե օգտագործող ձմերուկ վաճառողը, բայց ոչ միջադեպի ոչ պակաս թունդ մասնակից իշխանական բլոգերը: Նա, ի դեպ, շուկայում ձմերուկ վաճառող Արման Քալաշյանին համարում է հիբրիդային պատերազմի էլեմենտ: Միջադեպից հետո էլ «Ծիածանի շուկայում» շարունակեց նկարահանումները՝ հանդիպելով հիմնականում համախոհ գյուղացիների, որ կարծում են՝ բերքը փչանում է, որովհետև իրենք շատ են ցանում. - «Որ ասենք Նիկոլին պտի մեղադրեն, չէ, որովհետև շատ ենք ցանում, ժողովուրդը շատ ա ցանում»:
Իսկ Արման Քալաշյանի ձմերուկը, մինչ նա անազատության մեջ էր, չի փչացել. նրա հարևան վաճառողները ձմերուկը վաճառել են հարմար գնով՝ մեքենան դատարկել, փողն ուղարկել երկու անչափահասի մեծացնող ընտանիքին: