Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետի կալանավորված որդին՝ Արգամ Աբրահամյանը մեղքը չի ընդունում

Լրացված

Ձերբակալված, ապա երկու ամսով կալանավորված Արգամ Աբրահամյանը մեղքը չի ընդունում, «Ազատությանը» հայտնում է նրա փաստաբանը: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին մեղադրվում է սպանություն պատվիրելու համար:

Քննչական կոմիտեն շաբաթ առավոտյան հրապարակեց մոտ մեկ րոպեանոց մի տեսանյութ, որտեղ դիմակավորված ԱԱԾ-ականները ներխուժում են նախկին պատգամավորի առանձնատուն, նրան տապալում գետնին, ձերբակալում: Հետո Քննչականը հաղորդագրություն է հրապարակում ու բացահայտում՝ ըստ իրեն գործի ողջ մանրամասները, ընդհուպ՝ անձնական նեղ հարցեր՝ հասնելով մինչև Գագիկ Ծառուկյանի դստերը, որն Արգամ Աբրահամյանի կինն է: Փաստաբան Երեմ Սարգսյանը հարցնում է՝ ո՞րն է այս հրապարակման հանրային շահը. «Անթույլատրելի է, որևէ այլ գործով նման բան չեմ տեսել»,- ասում է Սարգսյանը ու պնդում՝ Քննչականի տարածած տեղեկատությունը ընդամենը «վարկած է, չստուգված, չապացուցված դրվագ, բայց իրավապահները ողջ մանրամասներով դա հրապարակեցին»:

Իրավապահների խիստ անձնական մանրամասներով հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց՝ «քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»:

Իրավապահները դեռ 2023 թվականին էին հաղորդել Երևանի Մյասնիկյան փողոցի վրա տեղ ունեցած հրազենով սպանության մասին, կալանավորել էին Աբրահամյանի անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանին, գործը 2024-ին ուղարկել դատարան, որն էլ այժմ քննում է այն: Հրապարակված գործում, սակայն, Արգամ Աբրահամյանի անունը չկա: Երեմ Սարգսյանի խոսքով, դեռ 2023-ին են քննել նրա մասնակցությունն այս սպանության մեջ ու այդպես էլ այն չի հաստատվել՝ մնացել է որպես վարկած, ու թե ի՞նչ նոր հանգամանք է ի հայտ եկել, որ երեք տարի անց նորից շունչ տվեցին Արգամ Աբրահամյանի այս դվագին, փաստաբանին չեն հայտնել:

XS
SM
MD
LG