Առնվազն յոթ զինծառայող է զոհվել Բամփուրում գտնվող իրանական ռազմաբազայի վրա ԱՄՆ-ի կողմից գիշերը հասցված հարվածների հետևանքով, կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ հաղորդում է Իրանի բանակը:
Իրանի բանակի պնդմամբ՝ հարվածների նպատակն էր հնարավորինս մեծ թվով զոհեր պատճառելը․ Իրանշահր քաղաքի մերձակայքում գտնվող հյուրատան, պահակակետերի և բնակելի շենքերի ուղղությամբ արձակվել է 13 հրթիռ։
Նշվում է նաև, որ մի շարք զինծառայողներ վիրավորվել են, իսկ բանակը խոստացել է հարձակմանը «վճռական պատասխան» տալ:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում իրականացրել է Իրանի ռազմական թիրախների դեմ հերթական հարվածները՝ Հորմուզի նեղուցի մերձակայքում և Իրանի ափամերձ շրջաններում։ Միաժամանակ վերականգնել է Իրանի նավահանգիստներ ուղևորվող կամ այնտեղից դուրս եկող նավերի նկատմամբ ծովային շրջափակումը, քանի որ Թեհրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին, մինչդեռ Հորդանանի զինված ուժերը հուլիսի 15-ին հայտնել են, որ որսացել և խոցել են իրանական երեք հրթիռ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, Միացյալ Նահանգները կարող է ընդլայնել իր հարվածները՝ թիրախավորելով Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ էլեկտրակայաններն ու կամուրջները:
Հուլիսի 14-ին Fox News-ին տված հարցազրույցում նախագահ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա գիշերներին «շատ ուժեղ» հարված կհասցնի Իրանին: Թրամփը հավելել է, որ Իրանի դեմ ռազմական հարվածները կշարունակվեն «մինչև ես չասեմ, որ բավական է»: