Մատչելիության հղումներ

Հորմուզի նեղուցում մեկ օրում 2 նավ է խորտակվել

Հորմուզով անցնող նավից ծուխ է բարձրանում, 14-ը հոկտեմբերի, 2026թ.
Հորմուզով անցնող նավից ծուխ է բարձրանում, 14-ը հոկտեմբերի, 2026թ.

Հորմուզի նեղուցում վերջին 24 ժամում երկու առևտրային նավ է խորտակվել, որոնցից մեկը երեկ է հարձակման ենթարկվել, իսկ մյուսը՝ ավելի վաղ, հայտնում է Reuters-ը:

Նավերի մեկը՝ GFS Pride-ը, կոնտեյներային փոքր նավ է, որը նավարկում էր Սինգապուրի դրոշի ներքո։ Սինգապուրի ծովային և նավահանգստային վարչությունը հայտնել է, որ հարվածից նավը վնասվել է, հետո հրդեհ է բռնկվել, ինչն էլ հանգեցրել է խորտակման:

«Անձնակազմի բոլոր 21 անդամները անվտանգ տարհանվել են։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան»,- հայտնել է վարչությունը՝ հավելելով, որ հարձակման պահին նավը նավարկելիս է եղել հենց Հորմուզի նեղուցով։

Մյուսը նավը՝ Անտիգուա և Բարբուդայի դրոշի ներքո նավարկող Cape Dao-ն, խորտակվել է նեղուցի մոտ, սակայն այն հարձակման էր ենթարկվել դեռ մի քանի շաբաթ առաջ։ Անձնակազմի մեկ անդամ սպանվել էր, մնացածը տարհանվել էին հարվածից անմիջապես հետո։


Ըստ գործակալության՝ վերջին 10 օրվա ընթացքում ջրային այս կարևորագույն ուղում հարձակումները կտրուկ աճել են, մինչ Իրանը հայտարարում է, որ ուժեղացնում է հարվածները՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իր նավահանգիստների շրջափակման և անցյալ ամիս սահմանված խիստ պատժամիջոցների։

Միջազգային ծովային կազմակերպության տվյալներով՝ GFS Pride-ը և Cape Dao-ն երկրորդ և երրորդ նավերն են, որոնք խորտակվել են փետրվարի 28-ին ԱՄՆ-Իրան պատերազմի սկսվելուց ի վեր։

«Սինգապուրի ծովային և նավահանգստային վարչությունը խորապես մտահոգված է Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա շարունակվող հարձակումներով: Նման հարձակումները հրահրված չեն, անարդարացի են և միջազգային իրավունքի խախտում են»,- հայտարարել են Սինգապուրի իշխանությունները։

Թեհրանը փորձում է ուժեղացնել ջրային ուղու նկատմամբ իր վերահսկողությունը փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածներից հետո՝ սահմանափակելով տարանցիկ ճանապարհը՝ Վաշինգտոնի հետ բանակցություններում լծակներ ունենալու նպատակով։

Մինչ Իրանն ու ԱՄՆ-ն կենտրոնացրել են իրենց հարձակումները լցանավերի վրա, բեռնատար և կոնտեյներային նավերը նույնպես ենթարկվել են հարձակման, ինչի հետևանքով կամ զրկվել են ուղևորությունը շարունակելու հնարավորությունից կամ խորտակվել։

Մալթայի դրոշի ներքո նավարկող Safeen Prestige կոնտեյներային նավը մարտին հարձակման ենթարկվեց, իսկ ավելի ուշ խորտակվեց Հորմուզի նեղուցի հյուսիսում։ Իսկ ապրիլին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գրավեց MSC Francesca կոնտեյներային նավը։

Իսկ այս ընթացքում Թեհրանին և Վաշինգտոնին դեռ չի հաջողվել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու շուրջ: Իրանը վերջերս հայտարարել է, որ ԱՄՆ-ն ընդունել է իր յոթ կետանոց առաջարկների մի մասը միայն, մյուսները թողել է անպատասխան: Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին ԱՄՆ-ի պատասխանն «անբավարար» էր անվանել:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG