Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է խոցել։ Ամերիկյան կողմը դեռ չի հաստատել լուրը:
Հայտարարությունում ԻՀՊԿ-ն նշել է, որ անօդաչու թռչող սարքին հետևել և խոցել է իր հակաօդային պաշտպանության նոր առաջադեմ համակարգը:
Ըստ կորպուսի՝ «թշնամին վերջին մի քանի գիշերների ընթացքում ակտիվացրել է հետախուզական և ռազմական տեղեկությունների հավաքման գործողությունները»՝ փորձելով ստուգել Իրանի օդային պաշտպանությունը:
Նաև նշվում է, որ ամերիկյան զինուժը միաժամանակ իրականացրել է «դավադիր գործողություններ» Հորմուզի նեղուցում, և Իրանը մի քանի այդպիսի փորձ է կանխել:
Նոյեմբերի 2-ին ԱՄՆ զինուժը հարվածներ էր հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող իրանական Քեշմ կղզուն, որը նեղուցի հյուսիսային եզրին է:
ԱՄՆ-ն պնդում է, որ այնտեղ տեղակայված են ստորգետնյա հրթիռների արձակման կայաններ, ռազմածովային բազա և աղազրկման մեծ գործարան: Վաշինգտոնը նախկինում թիրախավորել է կղզին և քննարկել այն գրավելու հնարավորությունը:
ԻՊՀԿ-ն նաև նշել է, որ իր ռազմածովային ուժերը շարունակում են հսկել Հորմուզի նեղուցը, ապա հավելել, որ ջրային այս կարևորագույն ուղու վերահսկողությունը մնում է «Իրանի ձեռքում», և որ «թշնամու փորձերը՝ փոխելու տարածաշրջանում առկա իրավիճակը, չեն հաջողվի»։
Պատերազմի առաջին իսկ օրերից Իրանը փակել է Հորմուզի նեղուցը «ոչ բարեկամական երկրների» համար: ԱՄՆ-ն էլ շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ: Թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ն պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող բնական գազի և նավթի մոտ 20 տոկոսը:
ԻՊՀԿ-ն մեկ այլ հայտարարությամբ հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ և մեկ քարշակող նավ է հրդեհվել երկու տարբեր միջադեպերի ժամանակ, երբ դրանք նեղուցի չարտոնված երթուղիներով անցնելու փորձ են արել։
Ըստ ԻՀՊԿ-ի՝ լցանավերից մեկը բախվել է ականի նեղուցից հարավ գտնվող անցուղին անցնելու փորձի ժամանակ, մինչդեռ մեկ այլ սուպերլցանավ հրդեհվել է ջրային ուղու արևելյան մասում երթուղուց դուրս գալիս: Հրդեհը մարելու համար երկրորդ նավին մոտեցած քարշակային նավը նույնպես հրդեհվել է: