Մատչելիության հղումներ

«Իրանում ապահով չէ, ամենուր ռումբեր են»․ իրանցի ընտանիքները Հայաստանով փորձում են դուրս գալ երկրից

Լրացված

Հայ-իրանական սահմանում շարժից կարելի է դատել, որ սահմանը քաղաքացիների համար բաց է թեև պաշտոնապես տեղում աշխատող հայ սահմանապահները չասացին:

Արդեն մի քանի ժամ է՝ բացվել է հայ-իրանական սահմանը, մինչև մոտավորապես ժամը 18:30 մարդկանց հոսք կար դեպի Հայաստան, այս պահին, մարդկանց շարժ չի նկատվում: Բեռնատարները շարունակում են հատել հայ-իրանական սահմանը:

Իրանից եկածներն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ մոտավորապես 200 հոգի սպասում է, որ տեղափոխվի Հայաստան:

Թե ինչո՞ւ էր սահմանը ավելի քան 24 ժամ փակ, հստակ պատասխաններ չեն տալիս: Տեղում խոսակցություններից դատելով՝ տեխնիկական խնդիր է եղել և համակարգը, որի միջոցով սահմանային անցումները հաստատվում են, չէր աշխատում: Բեռնատարների համար մուտքը սահմանափակ չէր։

«Ազատությունը» զրուցել է Թեհրանից եկած ընտանիքի հետ, որոնք ավելի անվտանգ վայր էին փնտրում:

Ընտանիքի մայրը պատմեց. «Իրանում ապահով չէ, ամենուր ռումբեր են, դրա համար էլ դուրս ենք եկել երկրից: Ես Թեհրանից եմ, այնտեղ և՛ բնակելի, և՛ ոչ բնակելի հատվածներ հարձակման են ենթարկվել: Երևանը մեր առաջին կանգառն է, միգուցե ուրիշ երկիր կամ քաղաք գնանք: Վերջին օրերին հատկապես շատ էր ռմբակոծությունը: Բայց ոմանք լքում են քաղաքը, ոմանք նախընտրում մնալ»:

«Ինձ թվում է՝ երկու-երեք ամիս կտևի սա», - ասաց հայրը:

Աղջիկն էլ նշեց. «Պատճառը, որ մեր ժողովուրդը ցույցի էր դուրս եկել, այն էր, որ մեր երկրում խնդիրներին անհնար է դիմանալ: Այնքան շատ են պրոբլեմները, որ դիմանալու չէ: Փողոցում ջահելներ էին, նույնիսկ պատանիներ: Այնքան դժվար է տեսնել, թե ինչպես են քո երկրում այդքան շատ մարդիկ մահանում: Ես իրականում շնորհակալ եմ Ամերիկային մեր երկրի վրա հարձակվելու համար, որովհետև մեր կառավարությունն իսկապես շատ վատն է: Բայց իմ ու ընտանիքիս անվտանգությունից ելնելով շատ չեմ կարող խոսել, որովհետև չգիտեմ մեզ հետ ինչ կպատահի՝ դատելով իմ տեսածից: Հիմա շատ մարդիկ են փորձում են դուրս գալ երկրից իրենց անվտանգության համար: Եթե հատկապես պետական ինչ որ շենքի մոտ ես ապրում, դրանք կարող են ռմբակոծվել»:

Ազգությամբ քուրդ մի տարեց կին էլ պատմեց. «Ռմբակոծում են, ամերիկյան ու իսրայելական ինքնաթիռներ են: Բուքանում հարվածել էին քաղաքապետարանի շենքին, այն հողին էր հավասարվել, շրջակա բոլոր շենքերը վնասվել էին: Զոհեր կան, վիրավորները շատ են, Իրանում վիճակը լավ չէ: Հայաստան եկողները շատ են»:

Մեկ տաքսու հայ վարորդ էլ փորձում էր միջամտել լրագրողների աշխատանքը, որպեսզի կնոջը հավանաբար Երևան հասցնի:

Իրանի հետ սահմանի հայկական հատվածում բազմաթիվ բեռնատարներ կան, որոնք սպասում են իրենց հերթին Իրան անցնելու համար։ Առավոտյան ավելի քան 100 բեռնատար էր կանգնած այս կողմում և հերթը մի քանի կիլոմետրի էր հասնում։ Վարորդներն էլ պատմում էին, որ անցնող օրերին Իրանում չեն եղել, կապի խնդրի պատճառով հարազատների հետ խոսել չէր ստացվում, միայն սահմանին մոտենալուց հետո կարողացել են զանգել տուն:

«Մերոնց համար մտահոգ եմ: Մենք կողմ չենք պատերազմին, շատ երեխաներ են զոհվում, կարևոր վայրերի են հարվածում: Մենք չենք ուզում, որ պատերազմ լինի: Ե՛վ մեր երկրից են հարվածում, և՛ Իսրայելից ու Ամերիկայից են հարվածում», - ասաց վարորդներից մեկը:

Մեկ այլ վարորդ էլ նշեց. «Անհանգիստ ենք մեր քաղաքի, մեր կանանց ու երեխաների համար: Ամերիկան ասում է՝ հրթիռները, հարստացված ուրանը, միջուկային զենքը մի կողմ դրեք, որ բանակցենք: Իսկ Իրանը երբեք նրանց ասածի տակ չի մտնի, չի հանձնվի»:




XS
SM
MD
LG