Մատչելիության հղումներ

Իրանն ԱՄՆ-ին նոր առաջարկ է ներկայացրել, որը թույլ կտա 7 օրում վերաբացել Հորմուզը. Արաղչի

Աբբաս Արաղչին, Իրանի արտգործնախարարը
Աբբաս Արաղչին, Իրանի արտգործնախարարը

Թեհրանը Վաշինգտոնին ներկայացրել է նոր առաջարկ, որը հնարավորություն կտա Հորմուզի նեղուցը վերաբացելու յոթ օրում և վերսկսել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, Նյու Յորքում հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, տեղեկացնում է Financial Times-ը:

«Մենք միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներին ներկայացրել ենք մի ծրագիր, որ եթե որոշակի պայմաններ բավարարվեն… նեղուցը կբացվի յոթ օրից»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ասել է նա՝ հավելելով, որ դրանից հետո Իրանն ու ԱՄՆ-ն կվերսկսեն բանակցությունները վերջնական համաձայնագրի համար:

Ըստ Թեհրանի՝ նոր առաջարկը հիմնված է հունիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի վրա։ Այդ համաձայնագիրը 60 օրով երկարաձգում էր ապրիլյան հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն պետք է արտոնություններ տրամադրեր իրանական նավթի արտահանման համար, և Հորմուզի նեղուցով նավագնացությունը պետք է աստիճանաբար վերադառնար նախապատերազմյան մակարդակին, մինչ երկու հակառակորդները կբանակցեին երկարատև կարգավորման պայմանների շուրջ։

Իսրայելը նաև պետք է անհապաղ դադարեցներ իր ռազմական գործողությունները Լիբանանում, Իրանը և հարևան Օմանը էլ «որոշեին» նեղուցով ծովային երթևեկության ապագա կառավարումը: Սակայն համաձայնագիրը խախտվեց հուլիսի սկզբին, երբ Իրանը սկսեց կրակ բացել այն նավերի վրա, որոնք, ըստ նրա, օգտագործում էին նեղուցով տարանցման «անօրինական» երթուղի։

ՄԱԿ-ում իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Իրանի կառավարությանը գործարքի կնքումը հետաձգելու մեջ։ Թրամփն ասել է, որ կարող է իրանցիներին «դժոխք նետել՝ առանց գոյատևման որևէ հնարավորության», եթե չհամաձայնվեն իր պայմաններին: Թրամփն, այդուհանդերձ, հույս էր հայտնել, որ կկարողանան Թեհրանի հետ համաձայնության գալ նախքան ԱՄՆ Կոնգրեսում նոյեմբերին կայանալիք միջնաժամկետ ընտրությունները:

Դրանից կարճ ժամանակ անց ՄԱԿ-ի շրջանակում ԱՄՆ-ի և Իրանի միջնորդները բանակցություններ վարեցին Կատարի ներկայացուցիչների միջոցով: Երկու կողմերն էլ հայտարարեցին, որ զրույցը արդյունավետ է եղել:

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Թեհրանը «չի շտապում» իր նոր առաջարկի հիման վրա համաձայնագիր կնքել։ «Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլինի, եթե դա արվի միջանկյալ ընտրություններից առաջ, բայց որոշումը կախված է ԱՄՆ վարչակազմից։ Մեզ համար կարևոր չէ ժամկետը»,- ասել է նա։

«Սակայն ծրագիրը շատ հստակ է,- հավելել է նա,- Հենց որ նրանք ընդունեն այս ծրագիրը, հաջորդ օրվանից այս ժամանակացույցը կարող է ուժի մեջ մտնել, և յոթ օր անց նեղուցը կբացվի»։

​
XS
SM
MD
LG