Թեհրանի հեղափոխական դատարանը իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիին հինգ տարի մեկ ամսվա ազատազրկման դատապարտել՝ գույքի բռնագանձմամբ: Այս մասին հաղորդել է իրանական Emtedad լրատվական գործակալությունը՝ հղում անելով Փանահիի փաստաբան Մոստաֆա Նիլիին: Դատարանը նաև արգելել է ռեժիսորին դուրս գալ Իրանից և օգտվել սոցիալական ցանցերից:
Ըստ փաստաբանի՝ դատավճիռը կայացվել է հեռակա, Փանահին տեղեկացել է դրա մասին, երբ կալանք է դրվել նրա հաշիվների վրա: Մեղադրանքի մանրամասները չեն հաղորդվում: Նիլիի տվյալներով՝ իր պաշտպանյալի նկատմամբ այժմ ևս երեք քրեական գործ կա հարուցված: Ինքը Փանահին արտերկրում է:
Իրանում Ջաֆար Փանահիի նկատմամբ արդեն մի քանի դատավճիռ է կայացվել: 2010 թվականին նրան մեղադրել են «հակակառավարական գործունեության» մեջ՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար: Դատարանը ռեժիսորին դատապարտել է վեց տարվա ազատազրկման, սակայն բանտում երկու ամիս անցկացնելուց հետո նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Փանահիին արգելվել է լքել երկիրը, նկարահանել ֆիլմեր կամ դրանց սցենարներ գրել: 2022-ին ռեժիսորին կրկին դատապարտել են, նա բանտից դուրս է եկել 2023-ի սկզբին:
Ջաֆար Փանահին մի շարք հեղինակավոր մրցանակների՝ «Ոսկե արմավենու ճյուղի», «Ոսկե արջի» և «Ոսկե առյուծի» դափնեկիր է: Նրա «Տաքսի» ֆիլմը 2015-ին արժանացել է Բեռլինի կինոփառատոնի Գրան պրիին, «Երեք դեմք» կինոնկարը 2018-ին արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին լավագույն սցենարի համար, «Պարզ պատահականություն» ֆիլմը անցած տարի ստացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակը և նոմինացվել էր «Օսկար» երկու մրցանակների համար: