Մատչելիության հղումներ

Հարցազրույցը Դանիել Քուշակջյանի հետ նախագահ Օբամայի նոր ռազմավարության շուրջ


«Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությունը հարցազրույց է ունեցել Ամերիկայի Հայակական համաժողովի հասարակայնության հետ կապերի տնօրեն Դանիել Քուշակջյանի հետ նախագահ Օբամայի նոր ռազմավարության շուրջ, որը վերջինս բարձրաձայնել էր սեպտեմբերի 11-ի ողբերգության տարելիցին Վաշինգտոնում:

«Ամերիկայի ձայն».- Ողջույն Դանիել, շատ կարևորում ենք Ձեզ հետ հանդիպումը այսօր՝ պարզելու, թե հայ համայնքի և հայության շահերի վրա ինչպես կանդրադառնա նախագահ Օբամայի նոր ռազմավարությունը:

Քուշակջյան.- Այս օրը մեծ խորհուրդ ունի մեզ համար, ցանկանում եմ իմ ցավակցությունները հայտնել այն բոլոր անմեղ մարդկանց համար, որ զոհվեցին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ: Այժմ մենք նմանատիպ մի մարտահրավերի առջև ենք կանգնած, ինչի մասին խոսեց նաև նախագահ Օբաման իր ելույթում: Կարևորում եմ իր կողմից նոր ռազմավարության հռչակումը՝ ուղղված ծայրահեղականների գործունեության դադարեցմանը Սիրիայում և Իրաքում: Այն տարածաշրջանի ժողովուրդների և հատկապես քրիստոնյաների և ոչ մահմեդականների համար մի նոր հույս է, որ բռնությունները իրենց նկատմամբ կդադարեցվեն՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ու գործընկերների համատեղ ջանքերով:

«Ամերիկայի Ձայն».- Առաջին հարցը, որ մտահոգում է ամերիկահայությանը, ո՞րն էր կարևորագույն տեղեկույթը նախագահի խոսքում և ի՞նչ դժվարությունների է հանդիպում նախագահը Կոնգրեսում այդ առումով:

Քուշակջյան. - Օբամայի խոսքում մեծ կարևորություն տրվեց համագործակցությանը տարածաշրջանային ուժերի հետ դադարեցնելու համար միջնադարյան բնույթի բռնությունները խաղաղ բնակչության ու հատկապես քրիստոնյաների ու ոչ մահմեդականների նկատմամբ: Ներկայացուցիչների պալատում դժվարությունների առումով կարող եմ նշել հանրապետական ներկայացուցիչների պահանջը ավելի շեշտակի քայլերի շուրջ՝ դադարեցնելու համար Իսլամական պետության զինյալների կողմից իրականացվող բռնությունները:

«Ամերիկայի Ձայն».- Երկրորդ մտահոգիչ հանգամանքը, որի շուրջ կուզենայի պարզություն մտցնեիք՝ որո՞նք են այն գլխավոր խնդիրները, նպատակները, որ ամերիկահայ համայնքը հետամուտ է ԱՄՆ-ի օրենսդիրում:

Քուշակջյան.- Առաջնահերթորեն մեզ համար գոյություն ունի նպատակ մասնակցելու պետության ղեկավարմանը և դրա միջոցով հասնելով ամերիկահայության ու համայն հայության առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ պետության քաղաքականության վրա ազդեցություն թողնելով և օգտվելով ժողովրդավարության գլխավոր առավելությունից, այն է՝ երկրի կառավարմանը ժողովրդի մասնակցությունից, դրանով իսկ՝ ձգտելով հասնելու հայոց շահերի ոլորտում գտնվող խնդիրների լուծմանը կամ հայանպաստ քաղաքականության իրականացմանը:

«Ամերիկայի Ձայն».- Հաջորդ հարցը կապված է հինգ օր առաջ «Նյու Յորք Թայմզ» թերթում հրապարակված հոդվածի հետ, ուր նախանշվում էր Ադրբեջանի ջանքերը ներգրավելու ամերիկյան մտքային կաճառները՝ think tank-երը, ինչպես նաև՝ օրենսդիր մարմնի անդամներին հակահայկական քարոզչության մեջ: Ի՞նչ եք կարծում, Կոնգրեսում կա՞ն արդյոք որևէ մարտահրավերներ Հայկական Հարցի շուրջ:

Քուշակջյան.- Այո, նման խնդիրներ վաղուց են առկա՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերի հետ չեզոքացնելու ամերիկահայության ազդեցությունը ԱՄՆ-ի պետական քաղաքականության, հատկապես՝ օրենսդիր մարմնի գործունեության վրա: Այդ նպատակով իրենք մեծաթիվ գումարներ են ծախսում տարեցտարի: Նմանատիպ գործունեությունը բավականին գործուն է դառել վերջերս: Այս մտահոգությունները դեպի իր ուրույն լուծումը ուղղելու համար կարևոր եմ համարում համայնքի աճող աջակցությունը մեզ և այլ համայնքային կառույցներին՝ առաջ տանելու հայամետ դիրքորոշումները:

«Ամերիկայի Ձայն».- Այս հարցս ինչ-որ տեղ նախորդի շարունակությունն է: Ի՞նչ դեր ունեն այս միջանկյալ ընտրությունները ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական հարցի շուրջ ավելի շատ աջակցություն ստանալու առումով:

Քուշակջյան.- Միջանկյալ ընտրությունները թեև մեծապես չեն փոխի ուժերի դասավորությունը ԱՄՆ-ի օրենսդիրում, սակայն ի վիճակի են, շտկումներ մտցնել Կոնգրեսի քաղաքական դիրքորոշումներում մեզ հետաքրքրող հարցերի շուրջ, ուստի մենք անհարժեշտ միջոցառումներ ենք իրականացնում չեզոքացնելու ապագա Կոնգրեսում Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերը հակահայ տրամադրությունների տարածման ուղղությամբ:

«Ամերիկայի Ձայն».- Գիտեք արդեն, որ նախագահ Օբաման իր ելույթում հրահանգել է ռազմաօդային հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ: Ի՞նչ ազդեցություն կունենա դա Սիրիայում գտնվող հայ համայնքի վրա:

Քուշակջյան.- Դեռևս վաղ է խոսել այդ մասին: Իհարկե հարվածները ծայրահեղականների դեմ անհրաժեշտ են, սակայն արդյոք կամ ինչպես դա կանդրադառնա հայ համայնքի վրա բավականին անորոշ է: Համայնքը արդեն իսկ ահագին տուժել է ծավալված քաղաքացիական պատերազմի արդյունքում և շատերը անգամ հակված են տոտալիտար վարչակարգին դիտել իբրև չարյաց փոքրագույնը՝ հաշվի առնելով նրա աշխարհիկ մոտեցումները կրոնական հարցերի շուրջ և որոշ շրջաններում ծայրահեղականների ոտնձգություններից քրիստոնյաների պաշտպանությունը: Սակայն մեծ առումով դա ևս լուծում չէ և միայն կայունության ու ժողովրդավարության կայացմամբ Սիրիայում հայ համայնքը ավելի անվտանգ կդառնա:

«Ամերիկայի Ձայն».- Կուզենայի հարց ուղղել Օբամայի նոր ռազմավարության խնդրահարույց հարցերի շուրջ. ո՞րն է դրա վերաբերյալ Ձեր տեսլականը:

Քուշակջյան.- Կարծում եմ դժվարություններ կլինեն տեղերում իրականացման առումով, սակայն կարևոր է նշել, որ ծայրահեղականության և մասնավորապես իսլամական պետության դեմ պայքարը առաջնային խնդիր է մարդկանց անվտանգությունը ապահովելու առումով, սանձարձակությունը ու անպատժելիության մթնոլորտը վերացնելու առումով:

«Ամերիկայի Ձայն».- Շատ շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու ու Ձեր պարզաբանումների համար։

Քուշակջյան.- Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG