Ռիչարդ Կաուզլարիչը Էներգիայի գիտության և քաղաքականության կենտրոնի տնօրենն է և էներգետիկայի աշխարհաքաղաքականության վերաբերյալ դասընթացների առընթեր պրոֆեսոր:
Հարցազրույցի ընթացքում Ռիչարդ Կաուզլարիչը անդրադարձավ Ադրբեջանում առկա ներքին քաղաքական ճնշումներին: Նա դրանք և հատկապես ազատ խոսքի ու լրատվության միջոցների դեմ հետապնդումները գնահատեց իբրև անընդունելի վարքագիծ ու 1992 թվականից ի վեր առավել խիստ մոլեգնող վհուկների որս:
Անդրադառնալով ԱՄՆ-ի քաղաքացի Սայիդ Նուրիի դեմ իրականացվող հետապնդումներին, ում մերժել էին անգամ օգտվել Ադրբեջանից հեռանալու իրավունքից, դեսպանը խիստ մտահոգություն հայտնեց։ Կաուզլարիչի խոսքով՝ ինչ ծագում էլ ունենա այդ երիտասարդը, նա արդեն ԱՄՆ-ի քաղաքացի է և նրան բռնի պահելը իր հետևանքներն է ունենալու:
ԱՄՆ-ում լոբբինգի նպատակով Ադրբեջանի ջանքերի վերաբերյալ, մասնավորապես, վերջերս լույս տեսած «Նյու Յորք Թայմս»-ի հոդվածի վերաբերյալ դեսպանն ասաց.- «Երբեմն ավելի շատ դա ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին, քան՝ ԱՄՆ-ում ազդեցություն գործելուն»:
Դեսպանը նշեց, որ դա ԱՄՆ-ում ընդունված քաղաքական ազդեցության ձև է.- «Անգամ մեր շատ մերձավոր դաշնակիցներն են նման գործունեություն ծավալում: Սակայն Ադրբեջանի պարագայում այն երբեմն չափերը անցնում է՝ հատելով օրինական ժողովրդական դիվանագիտության և քաղաքական համակարգի վրա ազդելու միջև առկա սահմանագիծը, և վերածվում անհամապատասխան վարվելակերպի»։
Ադրբեջանի ազատ մամուլի դեմ իրականացվող քայլերի շուրջ, «Ամերիկայի Ձայնի» և «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը դադարեցնելու և անկախ լրատվամիջոցները լռեցնելու վերաբերյալ դեսպանը կարծում է, որ թեև քննադատությունը ընդունելի և անհրաժեշտ երևույթ է ԱՄՆ-ում, սակայն լրատվամիջոցի գործունեության դադարեցումը ամենևին ընդունելի չէ ժողովրդավարական արժեքներով ապրող հասարակությունում, ԱՄՆ-ի համար առավել ևս անընդունելի է նման քաղաքականության ծավալումը՝ Ադրբեջանում վերջերս տեղի ունեցող ապօրինությունների լույսի ներքո:
Ըստ Կաուզլարիչի, եթե երկրները համատեղ արժեքներ չունեն, ապա նրանց միջև ռազմավարական գործընկերությունը, առավել ևս՝ դաշինքը, հնարավոր չէ: