Ենթադրյալ պետական գաղտնի տեղեկություններ հրապարակելու գործով պատգամավոր Աղազարյանին երբևէ հարցաքննության կանչե՞լ են: Պատգամավորն ասում է.- «Ինձ ոչ մի անգամ այդ գործով չեն կանչել»:
Վարչապետ Փաշինյանն ու նրա թիմակիցները 2024-ին հայտարարում էին, թե Հովիկ Աղազարյանը պետությանը վնաս հասցնող գաղտնի տեղեկություններ է հրապարակել: Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հավաստիացնում էր, թե Աղազարյանին առնչվող ուրիշ գործի շրջանակում նրա հեռախոսը առգրավված իրավապահները բացահայտել են պետական անվտանգության այդ սպառնալիքները, անգամ հակահետախուզական սպառնալիքներ ու զեկուցել իրեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.- «Եվ անկախ մարմինը օրենքով սահմանված կարգով, համապատասխան բոլոր ընթացակարգերը և թույլտվությունն ունենալով՝ բոլորովին ուրիշ գործով, քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չի, և երբ այդ մարմինը, այդ քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել է կամ հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, և բնականաբար, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ, և պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ տվյալ դեպքում Հայաստանի վարչապետին»:
Նիկոլ Փաշինյանը նույն օրը Ազգային ժողովի ամբիոնից սպառնաց՝ նախկին թիմակցին զրկել մանդատից. «Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ, քաղաքական, բարոյական և այլ լծակներ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար, և ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»:
Գործադիրի ղեկավարի ելույթից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ հարուցեց պետական գաղտնի տեղեկություններ հրապարակելու հոդվածով: Այս գործի մեկ տարին լրանում է: Ի՞նչ են պարզել քննիչները: Հայաստանի անվտանգությանը սպառնացող ինչ գաղտնի տեղեկությունների արտահոսք էր կազմակերպել Աղազարյանը, որ Փաշինյանը սպառնում էր նրան խորհրդարանից հեռացնել: Կոմիտեից հրաժարվում են մեր հարցերին պատասխանել, պատճառաբանում են, թե տվյալները հրապարակման ենթակա չեն, իսկ գործի քննությունը շարունակվում է, Աղազարյանն էլ հայտարարում է. «Ամենօրյա ռեժիմով եք տեսնում վարչապետի նման կեցվածքը. ամպագոռգոռ բաներ է հայտարարում, հետո, թե ինչ կլինի, կլինի»:
Գործով որևէ կասկածյալ, մեղադրյալ կա՞: Կոմիտեից սա էլ չեն ասում: Աղազարյանն ասում է՝ որևէ կարգավիճակ չունի, անգամ չգիտեր էլ՝ այսպիսի գործ կա, թե չէ: Ու ինքն էլ է զարմանում՝ ինչպես կարող է մարդը պետության անվտանգությանը սպառնացող գաղտնի տեղեկություններ հրապարակեր ու մեկ տարի ազատության մեջ լիներ, ավելին՝ աշխատեր որպես պատգամավոր: Նրա կարծիքով՝ կոմիտեն պարզապես ապացույց չի գտնում:
Նախկին ՔՊ-ականը վստահեցնում է՝ իրեն պետական գաղտնիք երբեք հասանելի չի եղել, որ հրապարակեր: Իր նախկին կուսակցի՝ Փաշինյանի մեղադրանքը որակում է հաշվեհարդար, որ նրա խնդրանքը չկատարեց ու մանդատը վայր չդրեց:
«Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Աղազարյան Հովիկը զրկվի մանդատից։ Բա, տեղի չի ունենում իր ասածը։ Մնաց չորս ամիս։ Չորս ամիս հետո արդեն խորհրդարանը լուծարվում է, բնականաբար, արդեն մանդատի լիազորությունները կորում է»,- ասում է պատգամավորը:
Հովիկ Աղազարյանին իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հեռացրին նաև այս մեղադրանքով, թե ներկուսակցական քննարկումներից գաղտնի տեղեկությունների արտահոսք է կազմակերպել: Եվ այդպես էլ չասացին՝ ինչի մասին է խոսքը, ինչ է ասել, որ պետական գաղտնիք էր: Նրա նախկին թիմակիցներն իրենց նշած արտահոսքի մասին իմացել էին, երբ Աղազարյանի հեռախոսի ամբողջ անձնական տեղեկությունը իրավապահներից նրանց էր հասել:
Պատգամավորի փաստաբան Աննա Ծառուկյանը վստահ է՝ եթե պետական գաղտնիքի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն որևէ փաստ ունենար, Աղազարյանը ազատության մեջ չէր լինի, գոնե մեկ անգամ հարցաքննության կկանչեին. «Պետական գաղտնիքի վերաբերյալ հրապարակայնության արդյունքում անձին տարիուկես չծանուցելը, չհարցաքննելը խոսում է նրա մասին, որ այդտեղ առոչինչ ապագայում մեղադրանքի հետ են գործ ունենալու։ Պետական գաղտնիքի վերաբերյալ բոլոր քրեական գործերը, կարծում եմ, ամենակարևորն են»,-նշում է Աղազարյանի փաստաբանը:
Փաշինյանի նախկին թիմակիցը համոզված է՝ փաստեր չեն էլ գտնի, իսկ եթե նպատակը մանդատից զրկելն էր, ապա ուշ է. խորհրդարանում իրեն ընդամենը չորս ամիս է մնացել: