Մատչելիության հղումներ

IMEI-ների օրինագծի շուրջ Կառավարության պարզաբանումները մասնագետների մտահոգությունները չեն փարատում

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Կառավարության պարզաբանումները՝ բջջային հեռախոսների IMEI համարների հաշվառման միասնական շտեմարան ստեղծելու մասով, մասնագիտական համայնքի մտահոգությունները չեն փարատում: Մտահոգությունները վերաբերում են ստեղծվելիք շտեմարանում անձնական տվյալների օգտագործման ու պաշտպանության հարցին, թե որքանով դրանք կարող են հասանելի լինել կամ ինչպես կարող են օգտագործվել:

Այս օրինագծի հետ կապված մեծ աղմուկից հետո Կառավարությունն իր էջում պարզաբանել է, որ տվյալներն անհրաժեշտ են հեռախոսների ստվերային շուկայի դեմ պայքարի, կեղծ կամ ապօրինի ներմուծված հեռախոսները հայտնաբերելու համար, և որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։ Պարզաբանման մեջ նշվում է, որ ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։ Նույնիսկ կիբեռհարձակման դեպքում անձնական տվյալների արտահոսքի վտանգ չկա, քանի որ շտեմարանում անձնական տվյալներ չեն պահվելու, վստահեցնում է գործադիրը:

«Իրենց պարզաբանումները մեր մտահոգությունները չեն փարատում», - «Ազատության» հետ զրույցում ասաց անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը:

Փորձագետը նշում է՝ խնդիրն այն է, որ Կառավարությունը պարզաբանման մեջ անում է պնդում, որը ներկայացված նախագծում արտացոլված չէ. - «Պարզաբանումները և մտադրությունը, թե ինչպես պիտի գործի էդ շտեմարանը, չի համապատասխանում իրավական ակտի էն տեքստին, որը հրապարակվել է, ու սա խնդիր է»:

Չնայած Կառավարության այս պարզաբանումներին և պնդումներին՝ օրենքի նախագծում բոլորովին այլ բան է գրված, որ անձնական տվյալներ, այնուամենայնիվ, այդ շտեմարանում լինելու են, օրինակ՝ ոչ միայն IMEI թիվը, այլև այդ համարը գրանցողի տվյալները:

«Կառավարության պարզաբանման մեջ է նշված, որ գրանցողները կարող են լինել նաև ներմուծող անհատ ձեռնարկատերերը, ովքեր ֆիզիկական անձինք են, մարդիկ են, հետևաբար՝ իրենց տեղեկություններում անխուսափելիորեն անձնական տվյալ է: Գրանցող կարող են լինել ուղղակի քաղաքացիները, մարդիկ, ովքեր անձնական օգտագործման նպատակով անձամբ կամ այլ կերպ, ասենք՝ փոստային ծառայությամբ, էլեկտրոնային հարթակներով, գնել և ներմուծել են իրենց անձնական օգտագործման սարքը ու դա են գրանցել: Հետևաբար՝ առնվազն էս երկու խումբ մարդկանց մասով, ըստ օրենքի սահմանման, շտեմարանը պիտի պարունակի նրանց մասին տվյալներ», - ընդգծեց Հայրապետյանը:

Բացի այդ, Գևորգ Հայրապետյանն ասում է՝ կապի օպերատորները նոր ստեղծվելիք հարթակի ադմինիստրատորին, ըստ օրինագծի, պիտի տրամադրեն արդեն իսկ իրենց բազաներում գրանցված հեռախոսների 15-նիշանոց համարներն ու տվյալները դրանք օգտագործողների մասին. - «Եթե էս համակարգը, եթե էս շտեմարանը չի ենթադրում անձնական տվյալների մշակում, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս չի ենթադրում, երբ բացի իմ նախկինում նշածը, նաև պիտի շտեմարանի ձևավորման նպատակով՝ էս բառերն էլ կան նախագծում, ինչի՞ պիտի ձևավորման նպատակով անձնական տվյալները տրամադրվեն ադմինիստրատորին»:

Կառավարությունը նաև պարզաբանում է, որ հավաքվող տվյալների օգտագործման նպատակները սահմանելու է ստեղծվելիք այդ միասնական շտեմարանի կանոնակարգը: Նույն կանոնակարգն է սահմանելու նաև, թե ինչ լրացուցիչ ծառայություններ են հնարավոր, օրինակ՝ հեռախոսի գողության կանխման համար իրավապահներին տեղեկություն տրամադրելը կսահմանվի շտեմարանի կանոնակարգով:

Գևորգ Հայրապետյանն ասում է՝ այստեղ լուրջ խնդիր կա: Անձնական տվյալներին վերաբերող հարցերը պետք է կարգավորվեն օրենքով և շատ կոնկրետ, այլ ոչ թե կանոնակարգով և ընդհանրական:

«Անձնական տվյալների մշակումը պիտի նախատեսված լինի օրենքի մակարդակով, ոչ թե կանոնակարգով», - նշեց փորձագետը:

Երեկ նաև Հանրայինում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանն էր համոզում, որ անձնական տվյալների հավաքման առումով ոչինչ չի փոխվում, չմանրամասնելով, թե այն դեպքում, երբ ոչինչ չի փոխվում, ինչո՞ւ է անհրաժեշտ առանձին շտեմարան ու այդ շտեմարանը տիրապետող օպերատոր ստեղծել:

«Կարդացի, որ բոլոր մարդկանց վերահսկելու եք, քանի որ բոլոր մարդիկ հեռախոսի մեջ են, հեռախոսները վերահսկելու եք», - այս դիտարկմանը Երիցյանն արձագանքեց. - «Ոչ, դա իրականությանը ... դա, եթե էսօր վերահսկում ենք, ուրեմն վերահսկում ենք, էս նոր սահմանումներով որևիցե բան չի ավելանում: Խնդիրը հետևյալում է, որ ընդամենը սարքը օրինական է Հայաստան ներկրվել, թե՝ ոչ, էդ ռեգիստրն է ձևավորվում»:

Գևորգ Հայրապետյանը համաձայն չէ պնդմանը, որ անձնական տվյալների հավաքման առումով փոփոխություն չկա: Թեև տվյալների ծավալը կարող է չփոխվել, բայց փոխվում են դրան վերաբերող կարգավորումները, իսկ դա շատ էական փոփոխություն է:

Ներսես Երիցյանի հիմնավորումն էլ նման է նույն այն պատճառաբանությանը, որը բերվում էր տեսախցիկների տվյալներին ոստիկանության հասանելիության խնդրահարույց նախագծի ժամանակ: Այդ ժամանակ էլ որպես արդարացում նշվում էր, որ միևնույն է՝ տեսախցիկները տեղադրված են, դրանց նկարահանումներն արդեն գոյություն ունեն, ոստիկանությունն էլ նոր նկարահանում չի իրականացնում, այլ միայն ուզում է հասանելիություն ունենալ արդեն գոյություն ունեցող ինֆորմացիային: Տեսախցիկների օրինագիծը ի վերջո խորհրդարանում առաջին ընթերցումից հետո հետ կանչվեց: Հիմա հեռախոսների դեպքում փորձ է արվում մի ընդհանուր շտեմարան ստեղծել, այս անգամ՝ հեռախոսների նույնականացման համարների և դրանց հետ կապված անձնական տվյալների: Սա կարող է խնդրահարույց լինել:

«Իսկ եթե էդ կիբեռհանցագործը կամ չարագործը, ունենալով հասանելիություն էդ գործիքին, վերցնի ու ամբողջ բազայում բոլոր IMEI-ները մակնշի որպես անօրինական: Հատկապես եթե էդ ամեն ինչը լինի առանց մարդկային գործոնի վերահսկողության և ավտոմատացված, ինչպես իր խոսքում կարծես թե նշեց պարոն Երիցյանը, որ դա հնարավորինս ուզում են ավտոմատացված անեն, որ բեռ չլինի ոչ մեկի վրա, ապա սա հնարավոր է խնդիրներ առաջացնի նաև կիբեռանվտանգության տեսակետից», - նշեց Գևորգ Հայրապետյանը, - «Հնարավոր է նաև թիրախային միջամտություն օրինակ էս կոնտեքստում. ինչ-որ մեկի IMEI-ը, օրինական կամ անօրինական հասանելիություն ունեցողի, կազմակերպչական կամ տեխնիկական անվտանգության ինչ-որ պակասի պատճառով, ռիսկի պատճառով ինչ-որ մեկի ծառայությունը հնարավոր է սահմանափակել, օրինակ»:

Այս օրինագիծը Կառավարությունում արդեն հաստատվել է, բայց քննարկումները մասնագիտական համայնքի հետ մյուս շաբաթ են տեղի ունենալու: Սա բարձրացված աղմուկից հետո որոշվեց: Իսկ Կառավարությունը իր պարզաբանման մեջ պնդում է, որ նախագիծը հրապարակային քննարկվել է: Քննարկում Կառավարությունը համարում է փաստը, որ այն տեղադրվել է e-draft.am կայքում: Այդ կայքում, ի դեպ, փորձագետներն ու համայնքը, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, որևէ մտահոգություն, դիտողություն կամ առաջարկ չեն կարողացել մուտքագրել:

Կառավարությունը, որ համոզում է բջջային հեռախոս ունեցող հարյուր հազարավոր քաղաքացիներին, թե իրենց տվյալները ապահով և պաշտպանված կլինեն, չէր կարողացել ապահովել, որ այս օրինագիծը օնլայն հարթակում առանց տեխնիկական խափանումների պատշաճ քննարկվեր:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG