Մատչելիության հղումներ

Իշխանություններն ուզում են ամբողջությամբ վերահսկե՞լ սմարթֆոնները

Պետությունն ուզում է ամբողջական վերահսկողության տակ առնել քո հեռախոսը, տեղեկատվական անվտանգության փորձագետներն այսպես են գնահատում այն նախագիծը, որ հավանեցին երեկ կառավարական կաբինետում վարչապետի գլխավորությամբ։

«Մենք ինչ անում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ցած, բայց այդ շուկան ուղղակի մեղմ ժպտում է և շարունակում է իր գործը», - հայտարարեց Փաշինյանը։

Մեղմ ժպտացողն այս դեպքում բջջային հեռախոսների սև շուկան է։ Մեծ ստվեր կա այստեղ, ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն առաջարկում է Հայաստան մտնող բոլոր հեռախոսները գրանցել։ Ամեն հեռախոս ունի իր չկրկնվող IMEI-ն։ Սա 15 նիշանոց նույնականացնող համար է։ Կստեղծվի շտեմարան, որտեղ պիտի գրանցվեն Հայաստանում օգտագործվող բոլոր հեռախոսների IMEI-ները։

«Բջջային կապի օպերատորը անմիջապես կմերժի կամ կկասեցնի բջջային կապի ծառայության մատուցումը, եթե IMEI կոդը գրանցված չի լինի», - ասաց նախարար Մխիթար Հայրապետյանը:

Եթե, օրինակ, դրսից հեռախոս եք նվեր ստացել, պետք է տուրք վճարեք ու գրանցեք այդ 15 նիշանոց համարը։ Հակառակ դեպքում նույնիսկ iPhone 17 Pro Max-ը ընկույզ կոտրիչ կդառնա։

Կառավարական դեմքերը հեռախոսների նույնականացման շտեմարանով ցանկանում են ոչ միայն ստվերի դեմ պայքարել, ասում են՝ այդպես նաև գողացված հեռախոսները հեշտ կգտնվեն։ Թեպետ բազմաթիվ են դեպքերը, երբ գողության դեպքում հեռախոսի տերը սարքի IMEI-ը տրամադրում է ոստիկանությանը, բայց անօգուտ՝ չեն գտնվում այդ կորած հեռախոսները։ Գործադիրը մի փաստարկ էլ ունի՝ թվային աշխարհում հետ ենք մնում, եթե այս համակարգը չլինի։

Սմարթֆոնը զենք է, բայց այս լուծումը սմարթֆոնի տիրոջ ուղղությամբ կարող է կրակել, ահազանգում են տեղեկատվական անվտանգության փորձագետները։ Cyberhub.am-ի համահիմնադիր Արթուր Պապյանը գրում է․ «Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը և ձեր բոլոր SIM/eSIM քարտերը: Սա պարզապես հարկային գործիք չէ, սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում»։

Եթե 2,5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել ձեր կապը, իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, գրում է փորձագետը։ Օրինակ է առաջին դասարանցիների գրանցման բազան, որն այս շաբաթ մի 20 հազար ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չէր աշխատում։

Ըստ Արթուր Պապյանի՝ կառավարության այս նախագծով հնարավորություն է ստեղծվելու, որ բազայի տվյալներն օգտագործվեն այլ նպատակներով:

Կառավարությունը միջազգային փորձն է վկայակոչում։ Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը շարում է այն երկրների ցանկը, որտեղ բոլորի հեռախոսների կոդերը գրանցվում են. «Թուրքիա, Իրան, Լիբանան, Եգիպտոս, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ինդոնեզիա, Պակիստան, Նեպալ, Կամբոջա, Բանգլադեշ, Չիլի, Կոլումբիա, Մեքսիկա։ Հեսա միջազգային փորձը, ինչպես տեսնում եք, աշխարհի ամենաժողովրդավարական երկրներն են»։

Իսկ ժողովրդավարության բաստիոն Ռուսաստանը հիմա է անցում կատարում այս համակարգին, հեգնում է Մարտիրոսյանը։ Այս կարգավորումը համարում է անհամաչափ քաղաքացիական ազատությունների տեսանկյունից։ Եթե սարքը կցվում է մարդուն, ուրեմն միշտ հնարավոր է տեսնել, թե որտեղ է այդ հեռախոսն ու նրա տերը։

Բայց խորհրդարանական քննարկումները դեռ առջևում են։ Նախագծի առաջին ընթերցումը սեպտեմբերին է, այն առայժմ միայն կառավարության հավանությունն է ստացել։ Հետևելով քննադատություններին նախարար Մխիթար Հայրապետյանը փորձագետներին քննարկման է հրավիրել խորհրդարանական հանձնաժողովում։

Սոցցանցի օգտատերերից հետաքրքրվում են, իսկ ե՞րբ է ազատ ինտերնետի հուղարկավորությունը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG