Մատչելիության հղումներ

«Իմ տղան բարձրակարգ տղա է». Անդրանիկ Քոչարյանը խոստովանել է՝ որդին ինչու չի ծառայել

Ինչու չի ծառայել Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի որդին: Անդրանիկ Քոչարյանն այսօր ուղիղ հայտարարեց.

«Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»,-լրագրողի հարցին ի պատասխան ասաց իշխանական պատգամավորը:

Այդ խոսքերի հեղինակը ղեկավարում է պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովը, քննել է քառօրյա ու 44-օրյա պատերազմների ու պարտության պատճառները: Իշխանական պատգամավորի այս խոսքերից ի՞նչ է ստացվում. Հայաստանի սահմանները պահում են գիտելիք չունեցողները, իսկ ունեցողները վե՞ր են այդ պարտականությունից:

«Անդրանիկ Քոչարյանը պետք է ներողություն խնդրի». իրավապաշտպան

«Մենք Մոնթե ենք ունեցել, մենք հերոսներ ենք ունեցել բարձր գիտելիքներով։ Ի՞նչ կապ ունի՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը, ծառայելը բարձր գիտելիքների հետ: Շատ ուրախ եմ, որ բարձր գիտելիքներ ունի։ Այնպես չի, որ զորակոչվողներից շատերը չունեն այդ գիտելիքները»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Քոչարյանի այդ մեծ գիտելիքներով որդին ի՞նչ է արել հայրենիքի համար, ինչո՞վ է օգտակար լինում պետությանը, որ իր գիտելիքներով ավելի կարևոր է, քան սահմանը պահող զինվորը: Իշխանական պատգամավորին է դիմում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որ տարիներ շարունակ ուսումնասիրում է բանակի խնդիրները:

«Ի՞նչ է մտածում սովորական քաղաքացին, երբ լսում է սա կամ սոցիալական անապահով վիճակում ապրող մարդիկ, որոնց տղաները անպայման ծառայում են։ Իսկ կարո՞ղ է պնդել Անդրանիկ Քոչարյանը, որ իր տղան բարձրակարգ մարդ է ավելի, քան այն մյուսները, որոնք զորակոչվում են բանակ։ Չի կարող իր տղան ավելի բարձր լինել, քան որևէ մեկ ավել այլ զինվոր։ Ուղղակի ուզում են ընդգծել իրենց արտոնյալ վիճակը, իրենց առանձնահատուկ կարգավիճակը»,- շեշտում է իրավապաշտպանը։

Պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի որդին ինչ հիմքերով է ազատվել ծառայությունից: Դեռ 2020 թվականից են լրատվամիջոցները պարզում ու տարբեր հրապարակումներ անում:

Մի հետաքննություն էլ կա Yerevan today կայքում: Լևոն Քոչարյանը սովորել է Երևանի տնտեսագիտական համալսարանում: Ըստ կայքի հետաքննության՝ ասպիրանտուրան ավարտել է 2019 թվականին: Ատենախոսությունը պաշտպանել է 2020-ին ու նախքան այդ նա ենթակա է եղել պարտադիր զորակոչի, երկու զորակոչ է եղել ու Քոչարյանի որդին բաց է թողել: Պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, թե տարկետում է ստացել առողջական հիմքերով: Բանակում չծառայելու պատճառների մասին հենց ատենախոսության պաշտպանության օրը «Հրապարակն» էր հարցրել Լևոն Քոչարյանին, նա հրաժարվել էր պատասխանել՝ իր ձևակերպմամբ՝ «քաղաքական ենթատեքստով» հարցերին:

«Բանակի ու ծառայության նշաձողը Փաշինյանն ու նրա թիմը ինչքան ուժ ունեն իջեցրել են»,- պնդում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Անդրանիկ Քոչարյանը միակը չէ, որ ըստ նրա, նսեմացնում է հայրենիքի պաշտպանությունը: Ամիսներ առաջ էլ այս նույն թիմից Հռիփսիմե Հունանյանն էր սկանդալային հայտարարություն արել.

«Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացման համար»,- հայտարարել էր Հռիփսիմե Հունանյանը:

Բարձրագույն կրթություն չունեցող այս պատգամավորը, որ խորհրդարանի ամբիոն է հասել ՔՊ-ի ցուցակով, հանրային աղմուկից ու կոշտ քննադատությունից հետո ներողություն խնդրեց ու հրաժարական տվեց առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Բայց պատգամավորի մանդատը վայր չդրեց:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադառնալով իշխանական Անդրանիկ Քոչարյանի այսօրվա խոսքերին, ասաց.- «Ինքը պետք է ներողություն խնդրի, որ առանձնացնում է իր տղային մյուսներից, բոլորից: Սա ի՞նչ վերաբերմունք է, նա պետք է ներողություն խնդրի հանրությունից, դա ի՞նչ արտոնյալ վիճակ է, դա ի՞նչ ամբարտավան հայտարարություն է, որ ինչո՞ւ պետք է չծառայի, որովհետև գիտելիք ունի, իսկ բանակում հենց գիտելիք ունեցողներ են պետք, տեղյակ պահենք Անդրանիկ Քոչարյանին»։

Իշխանության համար նորից պայքարող Փաշինյանը բանակն անվտանգաության ապահովման պահեստային գործիք է համարում, հենց այսպես էլ գրել են իրենց նախընտրական ծրագրում:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG