Մատչելիության հղումներ

Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին՝ դատարանի առաջ. ըստ իրավապահների՝ փողերի լվացում է եղել

Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ու նրա որդին կանգնել են դատարանի առաջ։ 15 տարի առաջ պաշտոնը թողած Ներսիսյանը մեղադրվում է համայնքին էական վնաս պատճառելու և գույքի ապօրինի ձեռքբերման մեջ։

Ըստ քննության, որդին՝ Նաիրի Ներսիսյանը, օժանդակել է հորը չարաշահել լիազորություններն ու օրինականացնել հանցավոր ճանապարհով ձեռքբերած սեփականությունը։

1999-2011 թվականներին Իջևանը ղեկավարած Ներսիսյանի ու նրա որդու նկատմամբ քրեական վարույթը հարուցվել էր անցած հոկտեմբերին։ Կարճատև կալանքից հետո նրանք ազատ արձակվեցին, սակայն մնում են վարչական հսկողության տակ։ Նախաքննությունն ավարտվեց ընդամենը երկու ամսում։ Պաշտպան Սերգեյ Մարաբյանն ասում է՝ նախկին քաղաքապետը մեղքը չի ընդունում, իսկ մեղադրանքն անհիմն է ու ենթակա արդարացման։

«Որովհետև ակնհայտ է՝ այն, ինչ ներկայացվում է, միակողմանի է ներկայացվում, ամբողջական չի»,- շեշտում է փաստաբանը:

Գործի առանցքում 2011-ին կազմակերպված հողի աճուրդն է, որտեղ հաղթող էր ճանաչվել քաղաքապետի աները։ Տասը տարի անց՝ 2022-ին, վերջինս այդ տարածքը նվիրաբերել էր թոռանը։ Եթե փաստաբանը սա համարում է սովորական նվիրատվություն, ապա քննիչները համոզված են՝ տեղի է ունեցել փողերի լվացում։

«2022 թվականին, երբ պարոն Ներսիսյանի աներոջ մոտ առողջական վիճակը վատթարանում է, այդ հողը նվիրատվություն է անում իր թոռանը։ Ասում են՝ այ, դուք փողերի լվացում եք արել և այլն, և այլն...Ասում ենք՝ կներեք, հիմա, Աստված տա 100 տարի ապրեր, եթե մարդը մահանար, ժառանգություն թողներ, էլի փողերի լվացո՞ւմ էր լինելու։ Այսինքն՝ օրենսդրական մեկնաբանությունների խնդիր կա, որ մեր կարծիքով ողջամիտ չեն էլի նման մեկնաբանությունները, այսինքն՝ այդ մարդը, եթե չնվիրեր, ստացվում է հանցանք չէ՞ր անելու»,- ասում է պաշտպան Սերգեյ Մարաբյանը:

Սա նախկին պաշտոնյայի դեմ միակ դատական գործը չէ։ Ներսիսյանը նույնատիպ մեկ այլ մեղադրանքով դատվում է արդեն կես տարի։ Խոսքը 900 քառակուսի մետր հողատարածքի մասին է, որը նա, ըստ մեղադրանքի, շահադիտական դրդումներով յուրացրել էր։ Հատկանշական է, որ այս գործն իրավապահները քննել և կարճել էին դեռ տասը տարի առաջ, սակայն դատախազությունը վերջերս որոշել է վերաբացել վաղեմի քրեական վարույթը։

Պաշտպանի խոսքով.- «10 տարի առաջ արդարացման հիմքով կարճելու որոշումը վերացվել է՝ իբր նոր հանգամանքի հիմքով, և գործը վերաբացվել, ուղարկվել է դատարան, ընդ որում, ամբողջությամբ դատավարական ժամկետները խախտած, այնպիսի մեկնաբանություններ տված, որը զուտ դատավարական առումով որևէ նոր հանգամանքի հետ կապ չունի»:

Փաստաբանները բողոքարկել են գործը վերաբացելու որոշումը։ Դատարանն արդեն արձանագրել է, որ տասը տարի անց նույն մեղադրանքը ներկայացնելն անհիմն է։ Չնայած, դատախազությունն իր հերթին շարունակում է բողոք ներկայացնել դատարաններ՝ գործը վերաբացելու որոշումը պաշտպանելու համար, փաստաբանը վստահ է՝ կես տարի ձգվող այս գործը նույնպես կփակվի հօգուտ իրենց պաշտպանյալի: Փաստաբան Մարաբյանը պնդում է.- «Այս պահին մենք ունենք առնվազն արձանագրված փաստ, որ գործերից մեկն ապօրինի է վերաբացվել. վաղեմության ժամկետները անցած, դատավարական ժամկետները խախտած, և այն, ինչը ներկայացվել է որպես նոր հանգամանք, այդտեղ որևէ նոր հանգամանք չկա»:

Քրեական գործերից բացի, Իջևանի նախկին քաղաքապետն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Թե հատկապես ինչ գույք է պահանջում պետությունը Ներսիսյանից ու նրա ընտանիքից, պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մանրամասնում։

XS
SM
MD
LG