Մատչելիության հղումներ

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Ռուսաստանի ԿԲ-ի՝ հարգանք վայելող կառավարչին՝ երերացող տնտեսության ֆոնին

Որ Ռուսաստանի տնտեսության անիվները ճռճռում են, իրավիճակին մոտիկից հետևող որևէ մեկի համար գաղտնիք չէր։

Որ սուր ճռնչյունով այն բառացիորեն կանգ է առնում, եթե ոչ՝ հետընթաց շարժվում, անակնկալի առիթ էր անգամ նախագահ Պուտինի համար, որն անցած շաբաթ առավելագույն արդյունավետության հասնելու համար ուղիղ եթերում հրապարակավ կշտամբեց իր գլխավոր տնտեսական խորհրդականներին։

Պուտինի զայրույթի թիրախում էր նաև Էլվիրա Նաբիուլինան՝ Կենտրոնական բանկի հարգանք վայելող կառավարիչը, որը բացառիկ դեր է խաղացել ուկրաինական պատերազմի հետևանքով հավասարակշռությունը կորցրած ռուսական տնտեսության սահուն ընթացքն ապահովելու համար։

Հարցն այժմ հետևյալն է․ գլխավոր դրամատունը գրեթե 13 տարի կառավարող Նաբիուլինան դո՞ւրս է մնացել Կրեմլի ղեկավարության վստահությունը վայելողների շրջանակից։ Եթե այո, ապա ի՞նչ են մտադիր անել ի պատասխան։

«Հիմա նրան փոխարինելը ոչ միայն թուլության նշան կլինի, այլև կխաթարի այն միակ ինստիտուցիոնալ խարիսխը, որը շուկայական և ինֆլյացիոն կայունությամբ պահպանել է իր արժանահավատությունը», -«Ազատությանն» ասել է Կենտրոնական բանկի նախկին խորհրդական Ալեքսանդրա Պրոկոպենկոն, որն այժմ բեռլինյան Carnegie-ի «Ռուսաստան-Եվրասիա» կենտրոնի փորձագետ է։

Ամերիկյան Արտաքին քաղաքականության հետազոտական կենտրոնի նախկին փորձագետ Նիկոլաս Բիրման-Թրիքեթն էլ հավելել է. «Եթե Նաբիուլինային հեռացնեն, ողջ գործարարական էկոհամակարգը խուճապահար կլինի։ Կրեմլը գուցե ցածր տոկոսադրույքներ ցանկանա, բայց նրանք գիտեն նաև, որ այդ պաշտոնում հաճոյացող մեկին նշանակելը սարսափելի կլինի»։

Նաբիուլինան «ռուսական տնտեսության և տնտեսական առաջնորդության միակ դրական կողմերից է», London Business School-ում տնտեսագիտություն դասավանդող Ռիչարդ Պորտեսի գնահատականն է։ Նա 2019-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված պանելային քննարկման ժամանակ առիթ է ունեցել զրուցել Նաբիուլինայի հետ։ «ՌԴ կենտրոնական բանկը կառավարելու համար ավելի լավ որակավորում ունեցող մարդ չկա, ցանկացած փոխարինող գործիչ այսչափ հմուտ չի լինի», - հավելել է Պորտեսը։


Պուտինը «կարող է կշտամբել, որքան ուզում է։ Դա, միևնույն է, չի բարելավելու ռուսական տնտեսությունը, որը բավականին աղետալի վիճակում է, - ասել է Պորտեսը՝ շարունակելով, - Կարծում եմ՝ այս մասով նա շատ բան ունի մտածելու»։

Մեկնաբանության համար «Ազատությունը» դիմել էր նաև ՌԴ կենտրոնական բանկին, բայց պատասխան չենք ստացել։

«Հիմա բոլորը հասկանում են, թե որքան վատ է ամեն բան»

2022-ին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո պատերազմի ֆինանսավորումը Ռուսաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) բաղկացուցիչ մաս է կազմում։

Կրեմլը վերաձևել է երկրի տնտեսությունը՝ վերածելով այն պատերազմական տնտեսության. զինծառայողներ հավաքագրելու, նրանց վարձատրելու համար ծախսվում են ռեկորդային գումարներ։ Գործարաններ և տրանսպորտային ցանցեր են կառուցվում՝ զինամթերք, տանկեր, օդանավեր արտադրելու և ռազմի դաշտ ուղարկելու համար։

Ինչպես լայնամասշտաբ պատերազմին նախորդած երկու տասնամյակին, Կրեմլը տնտեսական այս վերաձևումը ֆինանսավորել է նավթամթերքի և գազի արտահանմամբ, չնայած դրանք սառեցնելու արևմտյան ջանքերին։
Գրավիչ բարձր վարձատրությունները տղամարդկանց ռազմի դաշտ են մղում, ինչը աշխատուժի պակասի է հանգեցրել։ Արդյունքում գործատուները բարձրացրել են աշխատավճարները, ինչն էլ իր հերթին գնաճի պատճառ է դարձել։

Ի պատասխան՝ Կենտրոնական բանկը ստիպված էր բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Քայլն արդարացված էր, բայց տուժեցին թե՛ բիզնեսները, որոնք ավելի ու ավելի են դեֆոլտի բախվում, թե՛ սպառողները, որոնք ապրանքատեսակների թանկացման ֆոնին դժվարություններ են կրում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ նախորդ տարի ՀՆԱ-ի աճը կտրուկ դանդաղել էր։ 2024-ի 4.9 տոկոս աճի համեմատ՝ 2025-ի աճն ընդամենը 1 տոկոս էր։

2026-ի առաջին երկու ամիսներին, սակայն, տնտեսությունը 1.8 տոկոս անկում է գրանցել։ Այս մասին Պուտինն ինքը հայտարարեց կրեմլյան հանդիպման ժամանակ։ Որոշ պաշտոնյաներ անգամ ակնարկել են, որ շուտով կարող է ընթացիկ տարվա 1.3 տոկոս աճի կանխատեսումը նվազեցնելու կարիք լինել։

«Տնտեսական աճի դանդաղումը և բացասական աճի հեռանկարը անակնկալ չէ նրանց համար, որոնք ուշադիր հետևել են զարգացումներին, - ասել է Պրոկոպենկոն՝ հավելելով, - Սա նորություն է միայն նրանց համար, որոնք 2024-ի 4.9 տոկոս աճին մակերեսորեն են մոտեցել՝ առանց մտածելու՝ ի՞նչն է հանգեցրել այդ աճին»։

«Հիմա բոլորը հասկանում են, թե որքան վատ է ամեն բան։ Պարզապես տարիներ ձգվող պատերազմ էր պետք այս վիճակին հասնելու համար, - կարծում է Բիրման-Թրիքեթը, - Համակարգն այլևս չի կարող ինքնաշխատ կերպով ուղղվել»։

Հետընթացն ակներև է նաև ֆինանսական վիճակագրության հրապարակումներում։ Նավթի արտահանումից գոյացող շահույթի անկման ֆոնին դաշնային բյուջեի դեֆիցիտը սրընթաց աճել է՝ հասնելով 4.5 տրիլիոն ռուբլու (60 միլիարդ դոլարի), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից կրկնակի բարձր է։

Արժևորվող ռուբլու, բարձր տոկոսադրույքների, աշխատուժի պակասի և բյուջեի սահմանափակման պատճառով ռուսական տնտեսության ռեզերվները «մեծամասամբ սպառվել են», մեջբերելով նախորդ շաբաթավերջին Վլադիվոստոկում կայացած բիզնես ֆորումի ընթացքում էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի խոսքը` գրում է «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթը։

«Իր հետ վերջինը զրուցած պաշտոնյան»


Պուտինի հետ ապրիլի 15-ի հանդիպման կադրերում էկոնոմիկայի նախարար Ռեշետնիկովը հաճախ էր ցուցադրվում վարչապետ Միխայիլ Միշուստինի և Նաբիուլինայի հետ։ Իր խոսքում Պուտինը կարծես ակնարկում էր, որ Ռեշետնիկովի սխալ կառավարումն է հանգեցրել տնտեսության ծանր վիճակին։

«Հույս ունեմ՝ մակրոտնտեսական ցուցանիշների՝ ոչ միայն վերլուծաբանների և փորձագետների, այլև կառավարության և Կենտրոնական բանկի չարդարացված ակնկալիքների և կանխատեսումների առթիվ մանրամասն զեկույցներ ստանալ», - ասել է նախագահ Պուտինը։

Իսկ ըստ Շվեդիայի ռազմական և Գերմանիայի ընդհանուր հետախուզության գործակալությունների՝ ՌԴ կառավարությունը մանիպուլացնում է տվյալները՝ կրճատելով երկրի տնտեսական խնդիրների իրական շրջանակը, հաղորդում է Financial Times-ը։

Պետք չէ շատ բան փորձել վերծանել հեռարձակված հանդիպումից, նշել է Պրոկոպենկոն՝ շեշտելով, որ այն հաշվարկված գործողություն էր։
«Պուտինի կառավարման օրինաչափություններից է, որ իր հետ վերջինը զրուցած պաշտոնյան ձևավորում է խնդրի իր բնորոշումը, - ասել է նա, - Տարօրինակ չէ, որ ճնշման տակ է հայտնվել տնտեսական թևը։ Կրեմլն այդ կերպ կառավարում է ներքին լարվածությունը։ Պարտադիր չէ, որ դա որդեգրված քաղաքականության փոփոխության կամ դրամավարկային քաղաքականությունը վերահսկող անձանց փոփոխության ազդակ լինի»։

Անցնող ամռանը գործարարներ և ֆինանսատնտեսական ոլորտի անվանի դեմքեր սկսեցին հրապարակավ նախազգուշացնել «ստագֆլյացիայի» վտանգի մասին։ «Ստագֆլյացիան» մի իրավիճակ է, երբ տնտեսությունը խաթարված է թե՛ ցածր աճի, թե՛ բարձր գնաճի և թե՛ գործազրկության բարձր մակարդակի պատճառով։

Բիզնես ղեկավարներն իրենց զայրույթն ուղղեցին դեպի Նաբիուլինան։ Նրա ներդրած բարձր տոկոսադրույքները թեև նպատակ ունեին սեղմել սաստկացող գնաճը, բայցև հանգեցրին այնպիսի վարկերի, որոնց վերաֆինանսավորումը շատ ծախսատար էր։

Հյուսիսային Ռուսաստանի ձուլարաններից մեկի տնօրենը նախորդ շաբաթ է ահազանգ հնչեցրել՝ նշելով, որ տնտեսությունը «աղետալի վիճակի» է բախվել, իսկ կառավարությունը խորապես կտրված է իրականությունից։

Պաշտպանության նախարար Անդրեյ Բելուսովի հետ փոխկապակցվող ուղեղային կենտրոնն էլ դեկտեմբերին նախազգուշացրել էր, որ ֆինանսատնտեսական ճգնաժամ կարող է առաջանալ, եթե մինչև հոկտեմբեր «վատ» վարկերը շարունակեն կտրուկ ավելանալ։
Պուտինի կշտամբանքից մեկ օր անց Նաբիուլինան անկեղծ գնահատական տվեց լճացող տնտեսության մասին. չկա բավարար աշխատուժ, մի բան, որն ըստ նրա՝ Ռուսաստանի ժամանակակից պատմության համար աննախադեպ է։

Նաբիուլինան, ըստ շրջանառվող լուրերի՝ 2022-ին Ուկրաինա ռուսական ներխուժումից անմիջապես հետո փորձել էր հրաժարական ներկայացնել, սակայն Պուտինը կտրուկ մերժել էր։ Չնայած իր հասցեին հնչող քննադատությանը, Նաբիուլինան առաջ է տարել իր որդեգրած կուրսը, ինչը, փաստում են փորձագետները, Պուտինի մասնակի աջակցության նշան է։

Ըստ օրենքի՝ Նաբիուլինայի պաշտոնավարման ժամկետի լրանալուն մեկ տարի է մնում։ Պրոկոպենկոյի դիտարկմամբ՝ անհավանական է, որ Պուտինը ԿԲ ղեկավարին փոխարինի նախքան նրա լիազորությունների՝ օրենքով սահմանված ժամկետի ավարտը։

«Առավել հետաքրքիր հարցն է՝ ի՞նչ է լինելու, երբ մանդատը սպառվի։ Մեկ տարի անց առկա քաղաքական պայմանները Կրեմլի համար ձեռնտու կդարձնե՞ն [Կենտրոնական բանկի] անկախ կառավարիչ ունենալը», - ասել է նա։

Պորտեսն էլ վերստին ընդգծել է․ «Ինչպես ասացի, Նաբիուլինան ռուսական տնտեսության կայունության միակ պաշտպաններից է»։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG