Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն այսօր ավելի իրատեսական է, քան երբևէ, այս մասին հայտարարել է թուրք պատգամավոր և Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անհետ կորած անձանց թեմայով Բաքվում անցկացվող IV միջազգային համաժողովի ժամանակ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, նա նշել է, որ խաղաղության բանակցություններն ու համաձայնագրերը կարող են վերջ դնել ռազմական գործողություններին, սակայն կայուն խաղաղությունը պահանջում է հաշտեցում:
«Հարավային Կովկասը բախվել է հակամարտության, հարկադիր տեղահանման և խորը մարդասիրական տառապանքների: 1980-ականների վերջից և հատկապես 1990-ականների սկզբից ի վեր Ադրբեջանը բախվել է արտաքսման, հարկադիր տեղահանման և անհետ կորած անձանց ողբերգությանը»,- ասել է նա:
Ըստ նրա՝ 1990-ականների սկզբից Ադրբեջանի անհետ կորած մոտ 4000 քաղաքացիների ճակատագիրը շարունակում է մնալ լուրջ մարդասիրական մտահոգության առարկա։ Նրանց թվում են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ։
«Այսօր նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարության շնորհիվ, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարը ավելի իրատեսական է թվում, քան երբևէ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրում անհետ կորած անձանց վերաբերյալ դրույթի ներառումը կարևոր ցուցանիշ է, որը ցույց է տալիս այս հարցի ճանաչումը որպես ավելի լայն խաղաղության գործընթացի անբաժանելի մաս»,- ասել է նա։
Չավուշօղլուն նաև ասել է, որ «այս բաց վերքը որպես խաղաղության կառուցման և հաշտեցման գործընթացի անբաժանելի մաս ճանաչելը, անկասկած, կբարձրացնի մարդկանց միջև փոխադարձ վստահությունը և կստեղծի կայուն խաղաղության համար սոցիալական ամուր հիմք»։
Հայաստանի պաշտոնական վերջին տվյալներով՝ 2020-ի պատերազմից վեց տարի անց անհայտ է մնում 191 անձի՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ադրբեջանական պաշտոնական տվյալներով՝ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում 4010 ադրբեջանցի։