Մատչելիության հղումներ

Հունգարիայի վարչապետը հույս ունի հունիսին հանդիպել Զելենսկիի հետ

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարն այսօր հայտարարել է, որ հույս ունի՝ հունգարական փոքրամասնության իրավունքների շուրջ Ուկրաինայի հետ ընթացող բանակցությունները հաջողությամբ կավարտվեն և հունիսին Արևմտյան Ուկրաինայում կկարողանա հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Լեհաստանում վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Մադյարը նաև հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը բոլոր հնարավոր միջոցներով, և պատերազմը պետք է ավարտվի հնարավորինս շուտ՝ միջազգային մակարդակով երաշխավորված երկարատև խաղաղությամբ։

Օրերս Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել էր, որ այսօր «կառուցողական և բովանդակալից» զրույց է ունեցել իր հունգարացի գործընկեր Անիտա Օրբանի հետ։

Սիբիհան ասել էր, որ երկու կողմերը համաձայնության են եկել հունգարա-ուկրաինական փորձագիտական մակարդակի խորհրդակցությունների փուլ անցկացնել՝ «Զակարպատիայի շրջանում հունգարական փոքրամասնության համար արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով»։

Ավելի վաղ, Ուկրաինայի Զակարպատիայի շրջանի վրա ռուսական դրոններով հարվածներից հետո՝ Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարեց, որ իր կառավարությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի հարձակումը Զակարպատիայի վրա, որտեղ նաև հունգարացիներ են բնակվում։

XS
SM
MD
LG