Մատչելիության հղումներ

Օրբանը ձգտում է դաշինքի Սլովակիայի և Չեխիայի հետ՝ դիմակայելու Ուկրաինային աջակցության ԵՄ որոշումներին. Politico


Հունգարիայի և Սլովակիայի վարչապետներ Վիկտոր Օրբան և Ռոբերտ Ֆիցո, արխիվ
Հունգարիայի և Սլովակիայի վարչապետներ Վիկտոր Օրբան և Ռոբերտ Ֆիցո, արխիվ

Հունգարիայի վարչապետը ձգտում է դաշինք կազմել Սլովակիայի և Չեխիայի հետ՝ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցում Եվրամիության որոշումներին համատեղ դիմակայելու համար։ Տեղեկությունը Politico-ին հաղորդել է Վիկտոր Օրբանի քաղաքական խորհրդական Բալաժ Օրբանը։ Լրագրողն ընդգծում է՝ նրանց միջև ազգակցական կապ չկա։

Խորհրդականի խոսքով՝ Եվրամիության ապագա գագաթնաժողովներից առաջ հունգարացի առաջնորդը նպատակ ունի համակարգել դիրքորոշումները Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Չեխիայի վարչապետի թեկնածու Անդրեյ Բաբիշի հետ։

Չնայած առայժմ պաշտոնական դաշինք կազմելու որևէ նշան չկա, այդուհանդերձ, նման մոտեցումը կարող է զգալիորեն խոչընդոտել Եվրամիության ջանքերին՝ Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում։

Politico-ում հրապարակված հարցազրույցում Բալաժ Օրբանը նաև հիշեցրել է, որ ԵՄ արևելյան պետությունների միջև համագործակցությունը «շատ լավ» է աշխատել 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի ժամանակ։

Հունգարիան, Սլովակիան և Չեխիան Վիշեհրադի խմբի մաս են, որի մեջ է մտնում նաև Լեհաստանը։ Սակայն վերջին տարիներին Բուդապեշտի և Վարշավայի միջև հարաբերություններում սառնություն կա՝ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ տարբեր դիրքորոշումների պատճառով։

Մինչդեռ Սլովակիայի վարչապետը բազմիցս քննադատել է Ուկրաինային՝ այն անվանելով «լիովին կոռումպացված երկիր», չնայած հիմնականում ձեռնպահ է մնացել Հունգարիայի՝ Կիևին ԵՄ օգնությունը խոչընդոտելու փորձերին աջակցելուց։

Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած միլիարդատեր, գործարար Բաբիշը, ով շուտով կվերադառնա վարչապետի պաշտոնին, նույնպես դեմ է Ուկրաինա զենքի մատակարարումները ֆինանսավորելու համար Չեխիայի պետական միջոցներն օգտագործելուն և ավելի վաղ հայտարարել էր, որ կկանգնեցնի Կիևի համար աշխարհի տարբեր երկրներից զինամթերք հավաքելու չեխական նախաձեռնությունը։

Այդուհանդերձ, վերլուծաբանները չեն բացառում, որ Բաբիշը կարող է մեղմացնել իր հռետորաբանությունը պաշտոնը ստանձնելուց հետո։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG