Մատչելիության հղումներ

Հորմուզի նեղուցը բացվեց

Նավ Հորմուզի նեղուցում, 12-ը ապրիլի, 2026թ.
Նավ Հորմուզի նեղուցում, 12-ը ապրիլի, 2026թ.

Լիբանանում հաստատված տասնօրյա հրադադարի ընթացքում Հորմուզի նեղուցը լիովին բաց կլինի բոլոր առևտրային նավերի համար, հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Աբբաս Արաղչին սոցցանցում պարզաբանել է, որ նեղուցով երթուղին կհամաձայնեցվի Իրանի հետ:

ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ջրային այս կարևորագույն անցուղին բացելու համար, որտեղով երթևեկությունը խաթարվել էր պատերազմի մեկնարկից ի վեր՝ հանգեցնելով էներգետիկ գլոբալ ճգնաժամի: Հենց Հորմուզով է անցնում աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

Դեռ պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ-ն կշարունակի իրանական նավահանգիստների շրջափակումը, որն սկսել էր, երբ Պակիստանում անցկացված բանակցությունները ձախողվեցին:

Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե վստահ չէ, որ պետք է երկարաձգվի Իրանի հետ հրադադարը, որն ավարտվում է ապրիլի 21-ին: Դոնալդ Թրամփը նշել էր, որ պատերազմը պետք է «ավարտվի շատ շուտով»։

«Մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք։ Եվ պատերազմը պետք է ավարտվի շուտով։ Ամեն ինչ իդեալական է։ Մենք աշխարհի ամենահզոր բանակն ունենք», - հայտարարել էր Միացյալ Նահանգների նախագահը:

Սպիտակ տան ղեկավարը նաև ասել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ շաբաթավերջին: Ու եթե Իրանը համաձայնության չգա, ռազմական գործողությունները կվերսկսվեն, սպառնացել էր նա՝ առանց ժամկետներ նշելու:

Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ մերժում է ցանկացած ժամանակավոր հրադադար և ձգտում է տարածաշրջանում պատերազմի համապարփակ դադարեցման: Իրանի փոխարտգործնախարարն ասել է, որ ցանկացած հրադադար պետք է ներառի հակամարտության բոլոր գոտիները՝ «Լիբանանից մինչև Կարմիր ծով»: Սա «կարմիր գիծ» է Իրանի համար, և պատերազմի ցիկլը «պետք է ավարտվի մեկընդմիշտ», ասել է Սայիդ Խաթիբզադեն:

Аl-Jazeera-ն հաղորդում է, որ Իսլամաբադում, որտեղ անցկացվել էին Ամերիկա - Իրան նախորդ բանակցությունները, այժմ անվտանգության նախապատրաստական խոշոր աշխատանքներ են ընթանում: Մոտ 10 հազար ոստիկան է տեղակայվել Պակիստանի մայրաքաղաքում, նույնքան էլ բերվում են հարևան նահանգներից: Նախորդ հանդիպումից առաջ ևս նման մասշտաբի միջոցներ էին ձեռնարկվել:

Հորմուզի նեղուցի բացումից ժամեր առաջ ուժի մեջ էր մտել Լիբանանի և Իսրայելի միջև հաստատված հրադադարը, որի մասին առաջինը Դոնալդ Թրամփը հայտարարեց: Դրանից առաջ նա խոսել էր Իսրայելի վարչապետի և Լիբանանի նախագահի հետ:

«Սա կարող է պատմական օր լինել Լիբանանի համար։ Լավ բաներ են կատարվում», - սոցցանցում գրել էր ԱՄՆ նախագահը։ Նա հույս էր հայտնել, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն «պատշաճ կգործի» և կհետևի հրադադարին: «Պետք է վերջապես խաղաղություն լինի», - գրել էր նա:

Իսրայելը հայտարարել է, որ իր զորքը, այդուհանդերձ, կմնա Լիբանանի հարավում ստեղծված «անվտանգության գոտում», և բնակիչներին զգուշացրել է չվերադառնալ այդ տարածք։ Պաշտպանության նախարարն ասել է, որ «Հեզբոլա»-ի զինաթափումը մնում է գլխավոր նպատակ:

«Մեր սահմանած նպատակը՝ «Հեզբոլա»-ի զինաթափումը ռազմական կամ քաղաքական միջոցներով, եղել և մնում է այս արշավի նպատակը, որը մենք հանձնառու ենք իրականացնել», - հայտարարել է Իսրայել Կացը:

Լիբանանում արդեն հրադադարի խախտման առաջին դեպքն է գրանցվել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի հետ սահմանին մոտ գտնվող Կունին քաղաքում շտապօգնության մեքենա է հարձակման ենթարկվել, զոհվել են բուժաշխատողներ։ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ն զգուշացրել էր, որ «մատը ձգանի վրա» է պահում, եթե Իսրայելը խախտի հրադադարը:

Պատերազմի հետևանքով Լիբանանում 2 հազարից ավելի մարդ է զոհվել, տեղահանվել ավելի քան 1 միլիոն՝ բնակչության մոտ 20 տոկոսը: Կառավարությունը նրանց կոչ է արել դեռ չվերադառնալ: Սակայն հազարավոր մարդիկ սկսել են վերադառնալ իրենց տներ, որոնց մի մասն ավերված է: Շատերն էլ սպասում են պատերազմի ավարտին:

Մի շարք երկրներ ողջունել են Լիբանանում հրադադարը: Իրանն էլ այն որակել է դիվանագիտական հաջողություն և «Հեզբոլա»-ի դիմադրության արդյունք։ Ըստ հրադադարի՝ Իսրայելն իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ինքնապաշտպանվելու համար։ Լիբանանն էլ պետք է կանխի «Հեզբոլա»-ի և մյուս «զինված խմբավորումների» հարձակումներն Իսրայելի վրա։ ԱՄՆ-ն, իր հերթին, պետք է շարունակի միջնորդությունը՝ «մնացած բոլոր հարցերը լուծելու» համար։

Առնչվող թեմաներ

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG