Մատչելիության հղումներ

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն


Գևորգ ԿոստանյանըՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, հունիս, 2014թ.
Գևորգ ԿոստանյանըՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, հունիս, 2014թ.

Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Դատախազությունից:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Դատախազությունը դիմելու է Ռուսաստան՝ Կոստանյանի և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ:

«Չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ նրանց արտահանձնելու համար, թեև Դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը», - նշել էր Վարդապետյանը:

Նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ասել էր, որ Կոստանյանն ու Հարությունյանը դեռ գտնվում են հետախուզման մեջ:

Ըստ Նահապետյանի՝ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և փորձագետներին ներկայացված տարբեր տրամաչափի պարկուճները փոխելու գործընթացը: Ինչպես նաև, ըստ մեղադրանքի, Վահագն Հարությունյանը խեղաթյուրել է Զինված ուժերի մասնակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին՝ այդ կերպ օժանդակելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելուն և պաշտոնեական կեղծիքներ կատարելուն:

«Հետք»-ի վկայությամբ՝ իրավապահների կողմից դեռևս 2019-ից հետախուզվող Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել և 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG