Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել Երևանի իր հետ տնտեսական հարաբերությունները, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նրա խոսքով՝ Մոսկվային հուզում են Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հեռանկարները. «Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի մասին հայտարարությունը, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ըմբռնումը և ԵՄ-ի հետ մերձենալու Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը, լուրջ հարցեր են առաջանում դրանց ապագայի վերաբերյալ»:
Ըստ Օվերչուկի՝ Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, որը Ռուսաստանի համար դարձել է «թշնամական դաշինք»։ Փաստելով, որ դա հայերի իրավունքն է, միաժամանակ Օվերչուկը զերծ չի մնացել զգուշացումներից՝ Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչները պետք է սթափ գնահատեն ԵՄ-ում ապրանքների վաճառքի հեռանկարները: Բացի այդ, Օվերչուկը զգուշացրել է՝ Հայաստանում ռուսական ընկերությունների ներկայության անցանկալիության մասին խոսակցությունները կբարձրացնեն Ռուսաստանում հայկական բիզնեսի աշխատանքի հարցը։
«Իրականությունն այն է, որ հայկական երկաթուղին, եթե այն պահպանվի, պետք է մնա սեփական տնտեսության կարիքները սպասարկող ճանապարհ, որի իրական հեռանկարները կապված են ԵԱՏՄ-ի հետ։ Մեր շահը Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր պետությունների հետ առևտրի ավելացումն է, բայց եթե մեզ ասում են, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա, ելնելով փոխադարձության սկզբունքից, արդարացի կլինի հարցնել՝ եթե ռուսական ընկերություններն ու գործարարները չեն կարող ներկա լինել և վաստակել Հայաստանում, ապա ինչո՞ւ հայկական ընկերություններն ու գործարարները կարող են ներկա լինել և վաստակել Ռուսաստանում», - նշել է նա։
Հայաստանի վարչապետը երեկ Մոսկվայում հանդիպեց ՌԴ նախագահի հետ: Վլադիմիր Պուտինն ասաց՝ Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն: Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, հակադարձեց՝ Երևանում գիտեն, որ երկու միությունների անդամակցությունը հնարավոր չէ: Ըստ նրա՝ այս պահին եղած օրակարգերը համատեղելի են:
«Երբ հնարավոր չլինի, ու պետք լինի որոշում կայացնել, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները որոշում կընդունեն», - հավելեց նա:
Փաշինյանը միաժամանակ ընդգծեց՝ Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ: