Մատչելիության հղումներ

ՀՀ-ն չի ծրագրում խզել ռուսական կողմի հետ երկաթուղու կառավարման պայմանագիրը. վարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները երեկ Մոսկվայում մանրամասն քննարկել են հայկական երկաթուղու կառվարման հարցը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետը:

«Այո, մանրամասն քննարկվել է, մանրամասն զրույց ենք ունեցել, մեր դիրքորոշումները և տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները, և պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Քննարկումների իմաստը հետևյալն է՝ մեր խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունն այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև հակառակը՝ բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելություններն օգտագործելու հնարավորություն չի տալիս, և մենք միասին պետք է մտածենք, թե ինչ լուծում ենք գտնում», - մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

«Ազատության» հարցին՝ հնարավոր լուծումը կարող է լինել այն, որ հայկական կողմը միակողմանի լուծարի պայմանագիրը, Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխան տվեց:

«Այդ լծակն ունի Հայաստանը, բայց մենք չենք ծրագրում և չենք ուզում գնալ այդ ճանապարհով, լուծման քննարկումների ճանապարհով պետք է հանգել», - շարունակեց վարչապետը:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով այս թեմային, ասել է՝ Ռուսաստանի բոլոր հարևանները, նույնիսկ ԵՄ-ից, շահագրգռված են «Ռուսական երկաթուղիների» օգտագործմամբ, միայն Հայաստանն է հարցականի տակ դնում համագործակցության շարունակությունը:

Նիկոլ Փաշինյանը մեկուկես ամիս առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման փաստով պայմանավորված Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում, կորցնում է մրցակցային առավելությունը: Ներկայացրել էր, թե իր պատկերացմամբ լուծումն ինչպիսին պետք է լինի:

«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը», - ասել էր նա:



XS
SM
MD
LG