Հայաստանի համար տեխնիկական որևէ խոչընդոտ չկա՝ միանալու Ադրբեջանի ու մյուս հարևան երկրների էլեկտրահամակարգերին, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։
Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ դա անելու համար հավելյալ ենթակառուցվածքներ պետք է կառուցվեն, ինչը, ըստ նրա, իրատեսական է։ Բայց թե որքան գումար կպահանջվի նոր ենթակառուցվածքների համար, արդյոք Կառավարությունն արդեն նախնական հաշվարկներ ունի, Խուդաթյանը չհստակեցրեց:
«Տեխնիկապես հնարավոր է չորս հարևանների հետ էլ դա կատարել, այսինքն՝ տեխնիկական խոչընդոտ որպես էդպիսին չկա, մնացած մասով հույս ունեմ՝ զարգացումներ կլինեն, և մենք պատրաստ ենք այդ զարգացումներին: Մտահոգություն չունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված, ավելին՝ էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի համագործակցություն, նախորդ տարվա ընթացքում, ամբողջ 12 ամսվա ընթացքում մենք կայուն էլեկտրաէներգիա ենք մատակարարել Իրան», - ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Խուդաթյանը հայտարարեց, որ չորս հարևան երկրների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է։ Նրա պնդմամբ՝ սա կապահովի հայաստանյան էներգահամակարգի կայունությունը։
«Ինչը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն՝ ներմուծել-արտահանելու տեսանկյունից, այլև, գաղտնիք չի, մասնագետները կհաստատեն՝ ինքը կայունություն է հաղորդում էներգահամակարգին, այնպես, ինչպես այս պահին Հայաստանի էներգահամակարգը կայունություն է հաղորդում Վրաստանի էներգահամակարգին և հակառակը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգը կայունություն է հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգին և հակառակը», - ասաց նախարարը:
Ե՞րբ կսկսվեն էլեկտրահամակարգերը միացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները: Նախարարը վստահ է, որ այս տարի արդեն շինարարության մեկնարկի համար պայմանագրեր կունենան շինարարական ընկերությունների հետ։ Հիշեցրեց՝ այդ հարցով նաև թուրքական կողմի հետ է բանակցել։
«Ես նախորդ տարվա ընթացքում այց եմ կատարել նաև Թուրքիա, էնտեղ հանդիպել են Թուրքիայի էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ: Ֆիքսել ենք, որ դա տեխնիկապես հնարավոր է իրականացնել: Ժամկետների և տեխնիկական լուծումների մասով էս պահին աշխատանքներ, որպես ամփոփում, իրականացված չի», - ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Խուդաթյանը նաև չհստակեցրեց՝ արդյոք Երևանը բանակցություններ վարում է մյուս հարևան երկրների հետ՝ մեկ միասնական էլեկտրահամակարգին միանալու համար:
Մոտ երկու շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Հայաստանի ու Բաքվի էներգետիկ համակարգերը միանշանակ միանալու են՝ փոխադարձ հնարավորություններ ստեղծելով երկու երկրների համար։
Ընդդիմությունն էներգահամակարգերի միացումը վտանգավոր է համարում:
«Կարող ա՞ մի օր էլ բանակները միացնի, կարող ա՞ ասի՝ օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար էկեք Հայաստանի և Ադրբեջանի զնված ուժերը միացնենք իրար: Նույն տրամաբանությունն ա, այսինքն ես հիմա պետք է բացատրե՞մ ինչ ստրատեգիական կարևորություն ունի էներգետիկ համակարգը, ինչքան վտանգավոր ա դա», - հայտարարել էր խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Առնվազն Բաքուն հետաքրքրված չէ». տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ առնվազն Բաքուն հետաքրքրված չէ տարածաշրջանային էլեկտրահամակարգերին միանալու հեռանկարով։ Պարսյանը շեշտում է՝ Ադրբեջանն այդ ամենից առանձին դեպի իր էքսկլավ Նախիջևան էլեկտրագիծ է կառուցում, այդ թվում՝ Թուրքիայի էլեկտրահամակարգին միանալու նպատակով։ Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ոլորտը համակարգող ազգային «Ազերէներջի» ընկերությունը օրերս է հայտարարել, որ «Զանգեզուրի էլեկտրահաղորդման գծի» շինարարությունն արդեն մեկնարկել է։
«Ադրբեջանը այս պահին հետաքրքրված չէ այդպիսի համակարգեր շահագործելը, նա ճիշտ հակառակը՝ փորձում է առանձին համակարգեր կառուցի՝ շրջանցելով Հայաստանի էներգահամակարգը: Նույնիսկ եթե այդ էլեկտրահաղորդման գիծը անցնի Մեղրիի տարածքով՝ 44 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, դա մեր էներգետիկ համակարգի մաս չի լինելու, ինքնավար մի օղակ է լինելու, որը կապված չի լինելու մեր ընդհանուր էներգետիկ համակարգի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Ըստ ադրբեջանական կողմի՝ «Զանգեզուրի էլեկտրահաղորդման գիծը» Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցքի գործարկման նախագծի մաս է կազմում։ Համաձայն «Ազերէներջի»-ի՝ նախաձեռնության շրջանակում արդեն Նախիջևանից մինչև Թուրքիայի տարածք կկառուցվի 230 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ։
«Եթե իրոք պլանավորում են Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղություն կառուցել, ապա դա կարող էին քննարկել Հայաստանի հետ, և Հայաստանը, օրինակ, Նախիջևանին ավելի կարճ, ավելի քիչ ծախսերով և ավելի մատչելի գնով էլեկտրաէներգիա մատակարարեր: Նշեմ, որ Հայաստանի դեպքում առանձին էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորություններն ավելի մատչելի են, քան Ադրբեջանի պարագայում: Այստեղ խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձում է որոշակի քաղաքական կապեր կամ որոշակի նաև քաղաքական ենթակառուցվածքներ ստեղծի արևելք-արևմուտք մասով», - ընդգծեց Պարսյանը:
Ադրբեջանական պետական ընկերությունը նաև հայտնել է, որ հաջորդ փուլում 44-կիլոմետրանոց հավելյալ գիծ է կառուցվելու, ինչպես նշել են՝ «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով, որն ապագայում կկապվի Աղբենդ-Օրդուբադ էլեկտրահաղորդման գծի հետ: