Մատչելիության հղումներ

Հայկական կոնյակի շուկան. ում կաջակցի նախարարն, ու ինչ են ասում ոլորտի ներկայացուցիչները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանի ամբիոնից օրերս զգուշացրեց՝ կանգնելու է կոնյակ արտահանող այն ընկերությունների կողքին, որոնք գյուղացու խաղողն են մթերում, իսկ միայն սպիրտից կոնյակ ստացողներին չի աջակցելու:

«Կան ընկերություններ, որոնք վերջին երեք տարում խաղող չեն մթերել, բայց չգիտես՝ ոնց միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտ են ուզում արտահանել: Այ ես իրանց հետ պրոբլեմ ունեմ, Էդ ո՞ւմ սպիրտն են արտահանում, եթե մեր գյուղացու խաղողը չեն մթերում: Ինչո՞ւ պետք է իրանց կողքը մենք կանգնենք, ինչ որ մեկի սպիրտը առնում, բերում, տանում են, մի հատ էլ պիտի կողքները կանգնենք, իրանց կողքը չեմ կանգնելու», - ասել է նա:

Ինքը որպես նախարար կլինի միայն այսպիսի ընկերությունների կողքին. «Իսկ նա, ով հայ գյուղացու խաղողն առնում է, մինչև վերջ իր կողքը կանգնած եմ ու կոչ եմ անում՝ դուք էլ ինձ հետ գաք, գնանք, այդ հարցերը լուծենք, իսկ նրանք, ովքեր խաղող չեն մթերում և եսիմ ինչով են զբաղված, իրենց հարցը մեր հարցը չէ, հակառակը՝ իրենց գործունեության արդյունքում մեր կոնյակի, պետության անունն է ընկնում»:

«Արկոն Թրեյդ» ընկերությունն, օրինակ, կոնյակ ստանալու համար խաղող չի մթերում, քանի որ անհրաժեշտ ֆինանսական զգալի ներդրումներ չեն կարող անել: Բայց ընկերության տնօրեն Սուրեն Սարգսյանի խոսքով՝ թեժ սեզոնին երբեմն կարողանում են տարածք վարձակալել և ավելի քիչ ներդրումով փոքր ծավալներով խաղող մթերել։

Ընկերության արտադրության հիմնական մասը, սակայն, ձևավորվում է հայկական արտադրողներից գնված սպիրտի հիման վրա․ «Եթե Հայաստանից արտահանվում է կոնյակի սպիրտ, դա նույնպես գյուղմթերք է մթերվում, գինեացվում, թորվում, ու ստացվում է կոնյակի սպիրտ։ Հետո շշալցված կարտահանվի, թե լիտրերով ուղղակի որպես հումք, դա ինձ թվում է՝ շատ մեծ բան չի փոխում»:

Սարգսյանն այս հարցին ավելի գլոբալ է անդրադառնում, ասում է՝ բայց, եթե անգամ որևէ ընկերություն առանց օրենք խախտելու երրորդ երկրից հումք է ձեռք բերում ու արտահանում, ի՞նչ խնդիր կա։

«Եթե կա ներկրման ու արտահանման ինչ-որ գործարան, բնական է՝ դա ինչ-որ օրենքի սահմաններում է։ Պայմանական եթե շեղվենք կոնյակի թեմայից, եթե ես երրորդ երկրից ներկրում եմ Հայաստանում ինչ-որ ապրանք, ապա վերարտահանում եմ։ Այդ ի՞նչ է նշանակում՝ ես Հայաստանում բարիք չեմ ստեղծում։ Հայաստանում հարկ չե՞մ վճարում, պետք չէ կողքիս կանգնել։ Ընդհանուր տնտեսական իրավիճակի մասին է։ Երբ որ կազմակերպությունը ներկրում է երրորդ երկրից ու վերարտահանում է, ինքը Հայաստանում ի՞նչ է»:

Բեռնափոխադրող վարորդներն էլ Պապոյանին են հարցնում․ «Եթե կասկածներ ունեք, որ Հայաստանում անորակ սպիրտ է շրջանառվում, ապա ինչո՞ւ այդ ճանապարհը չեք փակում»։

«Թող չներկրվի Հայաստան, որ հետո Հայաստանի խմիչքի անվան հետ չխաղան», - ասում է վարորդներից մեկը:


Հայկական կոնյակի գերակշիռ մասը Ռուսաստան է արտահանվում: Սպիրտից ստացվող կոնյակի կամ երրորդ երկրներից ներկրվող սպիրտի թեման ակտիվ շրջանառվում էր նաև անցած տարի: Ռուսական «Սոյուզկոնյակ» ոչ պետական կազմակերպությունն ու Անտիկոնտրաֆակտ ասոցիացիան հայտարարել էին, թե ռուսական շուկա մտնող հայկական կոնյակի 80–85 տոկոսը չի համապատասխանում ստանդարտներին, որովհետև արտադրության մեջ հաճախ անորակ սպիրտ է օգտագործվում:

Հայ արտադրողները հիմնականում չեն ընդունում այս պնդումները։ Հայաստանից արձագանքել էին, որ Երևանը որևէ պաշտոնական բողոք չի ստացել ռուսական պետական մարմիններից։

Որ այս վեճերը դադարեն, խոշոր արտադրողներից մեկի՝ «ՄԱՊ գինու- կոնյակի» գործարանի գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանն ասում է՝ բազմիցս դիմել են Էկոնոմիկայի նախարարություն՝ առաջարկելով, որ Հայաստանում ստեղծված նոր լաբորատորիան ավելի լայնածավալ ու շատ անաչառ ստուգումներ իրականացնի, հարկ եղած դեպքում տուգանքներ կիրառի տնտեսվարողների նկատմամբ:

«Միայն, թե Հայաստանից արտահանվող կոնյակը այդ թղթով սահմանը հատի: Եթե դրանից հետո էլ խնդիրներ առաջանան, ապա պետական մարմինները պետք է տնտեսվարողների փոխարեն հարցը բարձրացնեն, որովհետև խմիչքի որակը ստուգողը նախ պետությունն է»,- ասաց գործարարը:

«Հայկական կոնյակ անունը շատ-շատ է շահարկվում, ճիշտն ու սխալը այնքան է խառնվում, որ մինչև մեր երկիրը չունենա այն լաբորատորիան, որը անաչառ ստուգումներ կանի հայկական կոնյակի և հստակ գնահատական կտա՝ այս կոնյակը համապատասխանում է ստանդարտներին, իսկ այս կոնյակը չի համապատասխանում։ Մինչև դա չլինի, վերջնական պնդում չի լինի անել այստեղ», - ասաց նա։

Ալկոհոլի որակը ստուգող լաբորատորիան Հայաստանում սկսել է գործել նախորդ տարվա կեսերից: ՍԱՏՄ-ից վստահեցնում են՝ միջազգային հավատարմագրում ունեցող այդ լաբորատորիայի պատասխաններն ընդունելի են թե՛ ՌԴ-ի, թե՛ Եվրոպայի ու թե՛ Վրաստանի համար: Բայց դրա կարողություններն առայժմ շատ համեստ են, այն օրական 3-4 խմբաքանակի նմուշ կարող է ստուգել:

Իսկ եթե Հայաստանում արդեն կա այս լաբորատորիան, ինչո՞ւ է վրացական կողմը Հայաստանից իր սահմանով դեպի Ռուսաստան գնացող կոնյակը ստուգում, հատկապես այն դեպքում, եթե դա Ռուսաստանում է վաճառվելու, հայ արտահանողներն այդ լաբորատոր եզրակացություները չունե՞ն. Էկոնոմիկայի նախարարությունից մեր այս հարցին չեն արձագանքել:



Մինչ այդ հատկապես կոնյակ արտահանող բեռնատարների վարորդները սեփական եզրահանգումներն են անում. «Ինչո՞ւ այդքան ժամանակ այդ ամեն ինչը չէր արվում, հենց վերջին երկու տարին այս ամեն ինչը սկսվեց, այսօրվա մեր Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ այնպես չեն, ոնց որ մի քանի տարի առաջ էր։ Հարաբերությունների շեղվելու հետ մեկտեղ էլ ոնց որ խստացումներն են այսպես համապատասխան ավելանում։ Այնպիսի տպավորություն է, ոնց որ Ռուսաստանը Վրաստանի ձեռքով մեզ պատժի ինչ-որ ձև է ընտրել։ Ասենք՝ Վրաստանի ինչի՞ն է հետաքրքիր տարանցիկ բեռը»:

«Իսկ ի՞նչ պետք է անի այն բեռնատարի վարորդը, եթե բեռի պատվիրատուից կամ ընկերության ղեկավարից կաշառք են պահանջում, որպեսզի ապրանքն անխոչընդոտ անցնի»,- այսպիսի հայտարարություններով «Ազատությանը» դիմած վարորդները հիմնականում խոսում են անանուն՝ պնդելով, որ բացահայտ խոսելու դեպքում լրացուցիչ խնդիրներ կունենան: Նրանց համոզմամբ՝ պետական մարմիններն ավելի մեծ հնարավորություն ունեն այդ հարցը լուծելու։

Էկոնոմիկայի նախարար Պապոյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի նույնաբովանդակ հայտարարությանը, նշել էր՝ ինքը դիմել է իրավապահներին, բայց ոչ ոք հաղորդում չի տվել, որ իրենից կաշառք են պահանջել:

«Չեն տա, որովհետև վախենում են», - հակադարձում է վարորդների հարցերը խորհրդարանում բարձրաձայնող ընդդիմադիր պատգամավորը:

XS
SM
MD
LG