Մատչելիության հղումներ

Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. Գրիգորյան

Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արեմն Գրիգորյանը:

«Այդ թեման մեր օրակարգի մաս է, մենք շարունակելու են քննարկել և լուծումներ փնտրել։ Այս պահին բանակցությունները շարունակվում է և հենց որ մենք արդյունքներ ունենանք, բնականաբար կհայտարարենք դրա մասին», - նշեց նա։

Վարչապետ Փաշինյանը փետրվարին հրապարակային հայտարարել էր՝ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը: Վարչապետը խոսել էր նաև Հայաստանը շրջանցելու հնարավոր վտանգի մասին:

«Ընդհանուր առմամբ, որպեսզի մենք մրցակցային առավելություն ձեռք բերենք տարածաշրջանային կառուցվածքների հարցում, հնարավորինս արագ պետք է աշխատենք, հնարավորինս արագ ենթակառուցվածքներ կառուցենք կամ վերակառուցենք: Այստեղ կարևոր գործոն է արագությունը, թե որ կողմը կկարողանա հնարավորինս արագ իր ենթակառուցվածքները զարգացնել», - ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Երասխի և Ախուրիկի հատվածներում երկաթուղային ենթակառուցվածները վերականգմանը, Գրիգորյանն ասաց, որ Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են: Գրիգորյանը նշեց, որ այդ հատվածները վերակառուցվելու են նաև Հայաստանի պետբյուջեի միջոցով:

Թեպետ երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնված ռուսական կողմին ու Մոսկվայի հետ բանակցություններ կային, որ ռուսները ստանձնեն վերանորոգումը, բայց վարչապետը օրերս հայտարարեց, որ դա կանի Հայաստանի կառավարությունը:

«Ենթակառուցվածքների զարգացումը հասկանում ենք, որ մի կտորի մասին չի, ամբողջ ենթակառուցվածքների մասին է, խոսքը նաև TRIPP-ի մասին է, խոսքը մեր երկաթգծային ենթակառուցվածքների մասին է, որոնք մենք ունենք Հայաստանում, որոնք պետք է վերականգնենք կամ վերակառուցենք կամ եղածը օգտագործենք, ընդհանուր ենթակառուցվածքների զարգացման մասին է խոսքը», - ասաց նա։

«Ազատության հարցին՝ այսինքն Հայաստանի երկաթուղային ցանցը ամբողջությամբ արդիականացնելու անհրաժեշտություն կա՞, ԱԽ Քարտուղարը պատասխանեց՝ որոշ տեղերում կա:

«Խորհրդային Միություն փլուզումից հետո դրա մի մասը չի օգտագործվել, գիտեք մի մասը որպես երկաթ, հանձնվել է այլ երկրներին գումարի դիմաց կամ երբեմն երևի առանց գումարի: Սա է խնդիրը, որ ամբողջական ենթակառուցվածքները վերականգնված լինեն», - հավելեց Գրիգորյանը։

«Հայաստանը առաջնահերթ աշխատելու է, որպեսզի մրցակցային առավելություն ձեռք բերվի, ենթակառուցվածքները բացվեն, սկզբից ներդրում կատարվի ենթակառուցվածքներում, այնուհետև բացի այդ ենթակառուցվածքներից, որպեսզի ապրանքները և ծառայությունները հիմնականում անցնեն Հայաստանով», - ասաց ԱԽ քարտուղարը։

Իսկ, թե ի՞նչ ժամկետներում է Հայաստանը ակնկալում, որ ռուսական կողմի հետ բանակցությունները պետք է հանգուցալուծվեն, նա ասաց՝ հնարավորինս արագ:

«Մենք գտնում ենք, որ պետք է շարունակենք երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ լուծում գտնելու այն հարցերի վերաբերյալ, որոնք գոյություն ունեն, և բանակցություններն են դրա հիմնական միջոցը», - ասա նա։

Գրիգորյանը հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում

«Հայ-ռուսական հարաբերությունների սպեկտրը շատ մեծ է, և այդ սպեկտրում կարող է ինչ-որ մասերում ինչ-որ հարցեր լինեն, բայց կարծում եմ, որ ճգնաժամ չկա», - ասաց ԱԽ քարտուղարը։

Ինչ վերաբերում է ռուսական կողմից հնչող հայտարարություններին, Արմեն Գրիգորյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ճգնաժամ չկա, ինչպես նշեցի, և այդ հայտարարությունները նոր չեն։ Մենք շարունակելու ենք աշխատել այն նույն տրամաբանությամբ, որով աշխատել ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում, շարունակելու ենք խոսել մեր խնդիրների մասին և փորձենք լուծումներ գտնել այդ խնդիրներին»։

Մոսկվայից կոշտ քննադատում են Հայաստանի կառավարության քայլերը, մասնավորապես, Եվրամիությանը մերձենալու ձգտումները, դրանք որակելով ոչ դաշնակցային: Ավելին՝ անձամբ նախագահ Պուտինն էր հորդորել արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև: Ինչից հետո պարզ դարձավ, որ այս շաբաթ Աստանայում նախատեսված ԵԱՏՄ նիստին քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը: Թե սա կոնկրետ ի՞նչ է ենթադրում, չեն մանրամասնել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG