Մատչելիության հղումներ

Մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. Ռուբինյան

Մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու համար, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարությանը, թե «Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները»:

«Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, միաժամանակ օգտվելով ԵԱՏՄ-ի հնարավորություններից, ցինիկ է։ Կցանկանայի, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարեր, որովհետև եթե Հայաստանը օրենք է ընդունում Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, ապա ինչո՞ւ եք օգտվում ԵԱՏՄ-ի հնարավորություններից։ Ինչո՞ւ եք խաբում դրա անդամներին։ Դա ցինիկ է, դա ճիշտ չէ։ Ասեք՝ դուք գնում եք Եվրամիությո՞ւն։ Գնացեք։ Բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ», - «Վեստին» տված հարցազրույցում ասել է Վոլոդինը։:

«Այս կոնտեքստում ես կարծում եմ, որ հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի և անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել ևս Եվրասիական տնտեսական միության կանոններին», - ասաց Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է Եվրամիության անդամակցության դիմումին ԱԺ նախագահն ասաց. «Հայտնի փաստ է, որ հենց մեր ԵԱՏՄ գործընկերներն են ջանում, որպեսզի մենք դա անենք մի պարզ պատճառով, որովհետև նրանք անընդհատ ասում են, որ մենք պետք է մենք պետք է հանրաքվե անցկացնենք, իսկ հանրաքվե անցկացնել Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ հնարավոր է միայն, երբ որ այդ հարցը ձևակերպված լինի և այդ հարցի բխող հանգամանքները հայտնի լինեն»։

Արձագանքելով Ռուսաստանից հնչող պահանջների՝ Հայաստանում հանրաքվե անցկացնել Եվրասիակա՞ն, թե՞ Եվրոպական միություն հարցադրումով, վարչապետ Փաշինյանն օրերս առաջին անգամ հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:

Եվրասիական միության առաջնորդները մայիսին հայտարարություն էին ընդունել՝ Հայաստանի առջև մինչև դեկտեմբեր կողմնորոշվելու վերջնաժամկետ դնելով:

Լրագրողների հարցին՝ «Պարոն Ռուբինյան, երեկ, երբ որ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովից խոսում էր, և այնպիսի արտահայտություններ արեց, որը ձեր սահմանած բարեբարկության կանոնների շրջանակի մեջ չէր մտնում։ Ինչո՞ւ չընդհատեցինք», Ռուբինյանը պատասխանեց. «Որովհետև ոչ ոքի ուղիղ չվիրավորեց։ Ոչ մեկին հասցեական վիրավորանք չհասցվեց, դրա համար էլ չընդհատեցինք։ Ի տարբերություն, ի դեպ, ընդդիմադիր գործիչների, որոնք երեկ առնվազն մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ էին արել, նույնիսկ անեծքի պաշտոնական բացումը արեցինք Ազգային ժողովում, երբ որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցողը պաշտոնապես անիծեց մեզ և մեր սերունդները։ Բայց ինչևէ, օրհնյալ լինեն նրանք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում կրկնեց սպառնալիքները, որ նախընտրական շրջանում հնչեցրել էր ընդդիմախոսների՝ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հասցեին. «Ունեմ լեգիտիմություն, ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ։ Բառիս դե յուրե իմաստով»:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG