Հայաստանից Թուրքիա է արտահանձնվել միջազգային հետախուզման մեջ գտնվող մեկ անձ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան՝ չհրապարակելով, սակայն, արտահանձնված անձի անունը։
Թուրքիայի ՆԳՆ կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հայաստանից Թուրքիային փոխանցված անձը մեղադրվում է «ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակային հարձակման և փաստաթղթերի կեղծման համար»։
Մեկ տարի առաջ էլ Հայաստանը Թուրքիային էր արտահանձնել երկու անձի՝ ի պատասխան Ինտերպոլի Կարմիր ծանուցման հարցման։