Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։

Այսօր Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովում ելույթ ունենալիս Բայրամովը հիշեցրել է, որ Ադրբեջանի առաջարկած սկզբունքների հիման վրա մշակված խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է անցյալ տարի՝ ընդգծելով, որ համաձայնագիրը ստորագրելու համար Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլերը։

Նա նաև պնդել է, որ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքներ են իրականացվում, զարգացվում է ենթակառուցվածքը», իսկ այդ տարածքներում, նրա խոսքով, շուրջ 100 հազար մարդ ապրում, աշխատում և սովորում է։

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը և հայտարարել, որ Միջին միջանցքի զարգացումը, «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը, տրանսպորտային կապերի ընդլայնումը, փոխադարձ ներդրումներն ու համատեղ ծրագրերը նոր հնարավորություններ են ստեղծում առևտրի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն անընդունելի է Հայաստանի համար, քանի որ այն կարող է ընկալվել որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ տարածքային պահանջ։

2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի պայմանավորվածություններից հետո Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակումը, այդ թվում՝ TRIPP նախագիծը, պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության և օրենքների պահպանմամբ։

​
XS
SM
MD
LG