Երևանը «արդար որոշում» է ակնկալում Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝ հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների հարցով, այսօր Ազգային ժողովում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ իշխող խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) մնալու հարցում՝ նկատելով, որ Հայաստանը կրում է անդամակցության բացասական հետևանքները, բայց չի ստանում ակնկալվող օգուտները։
«Ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին, քան պետք է ստանա։ Հայաստանը ԵԱՏՄ-ի նկատմամբ իր բոլոր պարտականությունները կատարել է և կատարում է», - ասեց Պապոյանը՝ ընդգծելով, որ Երևանն էլ իր հերթին ակնկալում է, որ միության մյուս անդամները կկատարեն իրենց պարտավորությունները։
Նիստի սկզբում Պապոյանը ռուսական շուկայի սահմանափակումները կապում է Հայաստանի ներքաղաքական գործընթացների հետ: Ավելի ուշ նա իրեն հակասող հայտարարություն արեց՝ այս անգամ էլ հայտարարելով, թե Ռուսաստանի սահմանափակումները տնտեսական վեճի հարց են:
«Մենք կարծում ենք՝ սա տնտեսական վեճ է, և Հայաստանի նկատմամբ սահմանափակումներն անհիմն տնտեսական սահմանափակումներ են։ Այդ իսկ պատճառով դրանք առևտրային խոչընդոտ ճանաչելու նախաձեռնությամբ դիմել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողով և ակնկալում ենք, որ հանձնաժողովն արդար որոշում կկայացնի», - հայտարարել է Պապոյանը։
Նրա խոսքով՝ եթե հանձնաժողովը Հայաստանի օգտին որոշում չկայացնի կամ Հայաստանի դեմ որոշում ընդունի, վտանգավոր նախադեպ կստեղծվի ԵԱՏՄ բոլոր անդամների համար:
«Եթե այդպիսի որոշում չկայացվի կամ Հայաստանի դեմ որոշում կայացվի, ստեղծվելու է այնպիսի նախադեպ, որ ցանկացած պետության դեմ ցանկացած ժամանակ կարող են նման սահմանափակումներ կիրառվել», - հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։
Պապոյանը պնդել է, որ հայկական ապրանքները համապատասխանում են սահմանված պահանջներին, կատարված են նաև ռուսական վերահսկող մարմնի՝ «Ռոսսելխոզնադզորի» պահանջները, և այդ ամենը փաստաթղթավորված է։ Չնայած դրան՝ սահմանափակումները շարունակում են գործել։
Երևանը դեռ սեպտեմբերին դիմել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ պահանջելով ռուսական սահմանափակումները ճանաչել առևտրային խոչընդոտ։ Հարցը պետք է քննարկվեր նոյեմբերի 3-ին, սակայն, ինչպես օրերս «Ազատությանը» հայտնել էր Գևորգ Պապոյանը, Հայաստանի նախաձեռնությամբ նիստը մեկ շաբաթով հետաձգվել է։ Թե ինչու՝ նախարարը չէր մանրամասնել:
Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ է հետաքրքրվել, թե ինչու է հայկական կողմը խնդրել հետաձգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստը։
«Ցանկացած հարց պետք է քննարկել հարմար պահի։ Փորձում ենք առավելագույն արդյունք ունենալ», - պատասխանել է Պապոյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ճեպազրույցի ընթացքում «Ազատության» ճշտող հարցին՝ արդյոք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստը հետաձգվել է հայկական կողմի դիրքորոշումն ավելի լավ նախապատրաստելու համար, Պապոյանը պատասխանել է, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է և մասնակցում է կառույցի բոլոր գործընթացներին։ Նրա խոսքով՝ նիստի հետաձգումը սովորական ընթացակարգ է, իսկ նման վեճեր կարող են ծագել միության ցանկացած անդամի միջև։
Հարցին՝ ինչու է նախարարությունը Ռուսաստանի սահմանափակումները միայն տնտեսական, ոչ թե քաղաքական խնդիր դիտարկում, Պապոյանը պատասխանել է.
«Էկոնոմիկայի նախարարությունն այդ հարցը դիտարկում է որպես տնտեսական վեճ, և տնտեսական օրենսդրության ու տրամաբանության շրջանակում գնում ենք առաջ»։
Նրա համոզմամբ՝ քաղաքական հակափաստարկները որևէ արդյունք չեն կարող տալ, մինչդեռ տնտեսական հիմնավորումների միջոցով հնարավոր է հասնել խնդրի լուծմանը։
«Այլընտրանք գոյություն չունի։ Եթե մեկը քեզ վիրավորել կամ զրպարտել է, երկու ճանապարհ կա՝ գնալ բռնություն գործադրել կամ դատարանում պատիվ և փոխհատուցում պահանջել», - ասել է նախարարը՝ պնդելով, որ Հայաստանը ընտրել է խնդիրը լուծելու քաղաքակիրթ ճանապարհը։
Պապոյանն անդրադարձել է նաև արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը՝ պնդելով, որ գործընթացը բավական արագ է ընթանում։ Նրա ներկայացրած տվյալներով՝ այս տարի Հայաստանից Եվրամիություն արտահանումն աճել է 67 տոկոսով։