Ռուսաստանի երկրորդ արևելյան օկրուգի ռազմական դատարանը ծնունդով Հայաստանից Գևորգ Գրիգորյանին դատապարտել է 9 տարի 6 ամիս ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում։ Նրան մեղավոր են ճանաչել ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու, նացիզմի արդարացման, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության կոչերի համար։ Այս մասին, հղում անելով Գրիգորյանի ծանոթներից մեկին, հաղորդում է «Մեդիազոնա»-ն։
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ 23-ամյա Գևորգ Գրիգորյանը, որն ապրում է Անդրբայկալյան երկրամասում և ունի Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացիություն, ձերբակալվել և կալանավորվել է 2025 թվականի հունիսին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդման առիթ են դարձել հայկական կայքերում թողած մեկնաբանությունները։ Դրանցում նա գրել էր, մասնավորապես, որ «Հիտլերը պետք է ոչնչացներ նրանց բոլորին՝ ռուսներին», ինչպես նաև՝ «Ուկրաինայից հետո ռուսական զորքերը կմտնեն Հայաստան»։
Ռուսաստանի քննչական կոմիտեն, հաղորդելով Գրիգորյանի ձերբակալության մասին, հայտարարել էր, թե նա մեկնաբանություններում օգտագործել է ազգային պատկանելության հիմքով մարդկանց արժանապատվությունը նվաստացնող վիրավորական արտահայտություններ, ինչպես նաև «բացահայտ աջակցել է նացիզմի գաղափարախոսությանը և օգտագործել նացիստական կարգախոսներ»։
Current Time-ը գրում է, որ սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել միայն նացիզմի արդարացման և ատելություն հրահրելու հոդվածներով, սակայն հետագայում գործին նոր մեղադրանքներ են ավելացվել։ Գործը ռազմական դատարան է ուղարկվել 2026 թվականի օգոստոսին։
Գրիգորյանի ծանոթի խոսքով՝ երիտասարդը նման մեկնաբանություններ էր գրում Ռուսաստանի նկատմամբ զայրույթի պատճառով, քանի որ, նրա գնահատմամբ, Ռուսաստանը 2023-ին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի ընթացքում օգնություն չէր ցուցաբերել Հայաստանին։ Զրուցակիցը նաև հայտնել է, որ Գրիգորյանն ընդունել է մեղքը։