Մատչելիության հղումներ

Հայաստանն առաջին անգամ լրագրողներին բանտարկող պետությունների ցանկում է

Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը
Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը

Հայաստանն առաջին անգամ լրագրողներին բանտարկող պետությունների ցանկում է հայտնվել։ Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի և խորհրդի գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» տարեկան զեկույցը: 2025-ի վերջին պլատֆորմում Հայաստանն արձանագրվեց որպես լրագրող կամ մեդիա դերակատար ձերբակալող պետություն, երբ ազատությունից զրկվեցին փոդքաստերներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը, զեկույցում է նշված:

«Միայն այդ փաստը, որ լրագրողը բանտում է, բավական է, որպեսզի սա լուրջ քննադատության առիթ դառնա, և այն պլատֆորմը, որը դրանով զբաղվում է, բազմաթիվ երկրներում է իրականացնում այդպիսի հետազոտություն, և Հայաստանը բացառություն չէ և այդ պլատֆորմի ուշադրությունը չէր կարող այդ փաստի վրա չսևեռվել», - «Ազատությանն» ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:

Ըստ այս փաստաթղթի՝ Հայաստանից բացի, ազատազրկված լրագրողներ կան Եվրոպայի խորհրդի այլ պետություններում՝ Թուրքիայում, Ադրբեջանում ու Վրաստանում: Ռուսաստանում ու Բելառուսում էլ կան: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարի գնահատմամբ՝ այս ցանկում հայտնվելը Հայաստանի վարկանիշի վրա բացասաբար է ազդում. «Պետք է դուրս գալ այդ պիտակից տակից»:

«Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հինգ ամիս է՝ անազատության մեջ են: Նրանք կալանավորվեցին Ազգային ժողովի նախագահին հայհոյախառն արտահայտություններով արձագանքելու համար: Խորհրդարանի խոսնակը նրանց «շան լակոտ, լածիրակ» էր ասել, ու ընդդիմադիր փոդքասթերները Ալեն Սիմոնյանի այս վիրավորանքներին էին արձագանքել:

Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան մտել էին նրանց բնակարաններ, ձեռնաշղթաներ հագցրել, կռացած քարշ տալով տարել, մեքենաները խցկել: Նրանց խուլիգանության հոդվածով է մեղադրանք առաջադրվել:

«Մեծ հաշվով նրանց նկատմամբ ի սկզբանե կիրառվեցին անհամաչափ միջոցներ, և դրա մասին, բնականաբար, միջազգային կազմակերպությունները տեղյակ են», - նկատեց Աշոտ Մելիքյանը:

Ընդդիմադիր հաղորդավարների գործի քննությունն ավարտվել ու հիմա դատարանում է, Սաղաթելյանը բանտում է, Սամսոնյանը՝ տնային կալանքի տակ:

Աշոտ Մելիքյանն էլ, որ վիրավորական բառապաշարով հաղորդումներին դեմ է, պնդում է, որ նրանց նկատմամբ կատարվածն անհամաչափ է, ու չպետք է իշխանությունը թույլ տար՝ Հայաստանը հայտնվեր լրագրող բանտարկող պետությունների ցանկում. «Իշխանություններն ի սկզբանե պետք է թույլ չտային այսպիսի անհամաչափ գործողություններ Antifake.am խմբագրության հանդեպ, pետք է թույլ չտային չափազանց կոշտ միջոցներ փոդքասթերների նկատմամբ և ամեն ինչ իրականացնեին օրենքի շրջանակներում, բայց չխախտելով համաչափության սկզբունքը»:

Ըստ այս զեկույցի՝ Ռուսաստանում 58 լրագրող է ձերբակալված, Ադրբեջանում բանտարկված է 36 լրագրող, Բելառուսում՝ 27, Թուրքիայում՝ 24, Վրաստանում՝ մեկ: Զեկույցում անդրադարձել են նաև լրագրողների նկատմամբ ճնշումներին, օրինակ՝ երբ պիտակավորում են որպես օտարերկրյա գործակալներ: Ըստ զեկույցի՝ լրագրողներին փորձում են ներկայացնել օտարերկրյա շահեր սպասարկողներ ընդդեմ սեփական պետության՝ այդպիսով լրագրողներին հեղինակազրկելով ու դարձնելով սպառնալիքների, ֆիզիկական հարձակումների թիրախ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը կարծում է, որ այս զեկույցը ազդակ պետք է լինի Հայաստանի իշխանության համար այս նախընտրական փուլում, որ լարված ու թեժ է: Իրենց քննադատող լրագրողների նկատմամբ պետք է լինեն հանդուրժող ու լայնախոհ, որ երկիրը չհայտնվի այսպիսի ցանկում, ասում է նա:

XS
SM
MD
LG