Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատորները Meta-ին և Alphabet-ին կոչ են անում ընտրությունների շեմին օգնել Հայաստանին ռուսական ապատեղեկատվության դեմ

ԱՄՆ սենատոր, դեմոկրատ Ջին Շահին, արխիվ
ԱՄՆ սենատոր, դեմոկրատ Ջին Շահին, արխիվ

Անցած շաբաթ Միացյալ Նահանգների սենատորներ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, դեմոկրատ Ջին Շահինը և հանրապետական Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta և Alphabet ընկերություններին՝ կոչ անելով բավարար չափով ռեսուրսներ տրամադրել Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվության կանխարգելմանը:

«Անկախ փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստանը թարմացնում է Մոլդովայի իր գործելաոճը, այդ թվում՝ Meta-ի [Alphabet-ի] հարթակների օգտագործմամբ, ազդելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդյունքների վրա», - գրում են երկու կուսակցությունների սենատորները իրենց նամակներում:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Ռուսաստանից մարդիկ» են խրախուսվում` սատարելու որոշակի քաղաքական կուսակցությունների: Հայաստանյան մի հարգված քաղաքացիական հասարակության կազմակերպություն՝ Իրազեկ քաղաքացիների միավորումը, նույնականացրել է Meta-ի հարթակների շուրջ հարյուր էջ, որոնք առաջիկա ընտրություններին վերաբերող մանիպուլյատիվ բովանդակության են քարոզչությամբ են զբաղված: Կազմակերպությունը նաև նշել է համակարգված ոչ իրական վարքագիծ, որը, ըստ հաղորդումների, ուղղորդվում է ռուսահայ օլիգարխի կողմից», - Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին գրում են նամակի հեղինակները՝ հիշեցնելով, որ տվյալ անձին, որի ինքնությունը չի հրապարակվում, Թրամփի առաջին վարչակազմը Կոնգրեսին ուղղված զեկույցում ներկայացրել է որպես «նշանակալի օտարերկրյա քաղաքական ֆիգուր [կամ] օլիգարխ Ռուսաստանյան Դաշնությունում՝ ըստ ռուսական ռեժիմի հետ մերձավորության»:

«Հուսով ենք, որ դուք վերստին կձեռնարկեք և կկիրառեք Մոլդովային արտաքին ոտնձգություններից իր ժողովրդավարությունը պաշտպանելու գործում աջակցելու ջանքերը, բայց այժմ՝ հայաստանյան համապատասխան կառույցների հետ», - Meta-ին և Alphabet-ին գրել են սենատորները՝ ընկերություններին կոչ անելով բավարար ռեսուրսներ տրամադրել հայաստանյան ընտրություններին ընդառաջ ռուսական ապատեղեկատվությանը դիմագրավելուն:

Շահինը և Թիլիսը շեշտում են, որ առաջիկա ընտրություններն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար, քանի որ կարող են «որոշել տարածաշրջանային խաղաղ նախաձեռնությունների, ինչպես նաև հաղորդակցության նախագծերի ելքը, այդ թվում՝ TRIPP-ի, որը խաղաղ բանակցությունների առանցքային բաղադրիչ է»:

«Ոչ մի օտարերկրյա տերության չպետք է թույլ տալ ազդել Հայաստանի ինքնիշխան որոշումների վրա», - ասված է ԱՄՆ ազդեցիկ սենատորների նամակներում:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG