Մատչելիության հղումներ

Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում

Հայկական բեռնատարների վարորդները ամռանից կրկին կարող են մինչև 180 օր գտնվել ՌԴ-ում: Մոսկվան վերանայել է կրճատված 90-օրյա ժամկետը:

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած այս որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա հունիսի 30-ից: Բայց այս արտոնությունից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է սահմանված կարգով դիմում ներկայացնեն՝ ՌԴ մուտք գործելու և այնտեղ գտնվելու նպատակով։ Այս հրամանագիրը վերաբերում է ԱՊՀ բոլոր երկրներին, որոնց քաղաքացիները Ռուսաստան են մտնում առանց վիզայի։

Նախորդ տարի խստացումներից հետո հայ բեռնափոխադրողները Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում կարող էին մնալ միայն 90 օր, ժամկետը խախտողները տուգանվում էին, կամ 3-5 տարվա մուտքի արգելք ստանում։ Բեռնափոխադրողները բողոքի ակցիաներով նշում էին, որ Հայաստանի համար այդ սահմանափակումը անիրատեսական է, քանի որ Լարսի անցակետը հաճախ փակվում կամ խցանվում է, և վարորդները շաբաթներով մնում են ճանապարհին՝ սպառելով թույլատրելի օրերը։ Բողոքի հերթական ակցիան անցել էր անցած հինգշաբթի։

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը բեռնատարների վարորդներին հորդորում է մինչև հունիսի 30-ը չլրացնեն ՌԴ-ում գտնվելու իրենց 90 օրը:

«Որպեսզի մարդատար և բեռնատար մեքենաների վարորդները կարողանան մեկ տարվա ընթացքում մինչև 180 օր գտնվել ՌԴ տարածքում, պետք է օգտվեն ruID հավելվածից, սա Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների նախնական թվային գրանցման համակարգ է։ Վարորդները հեռախոսային այս հավելվածում պետք է ներբեռնեն իրենց անձնագրի և բեռնափոխադրման փաստաթղթերի սկանավորված տարբերակները և պարտադիր նշեն այցի նպատակը, օրինակ՝ բեռնափոխադրում։ Բոլոր տվյալները պետք է ներկայացվեն մեկնումից առնվազն 72 ժամ առաջ։ Նույն ընթացակարգը պետք է անցնել յուրաքանչյուր մուտքից առաջ» ,- բացատրում է միգրացիոն փորձագետը:

XS
SM
MD
LG