Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած թեկնածուների պաշտոնական ցանկը հաստատվել է։
ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 26-ին կայացած Ընտրական կոմիտեի նիստում ստուգվել են առաջադրված թեկնածուների՝ ընտրվելու իրավունքի և համապատասխանության հարցերը։ Ներկայացված փաստաթղթերի և ՀՖՖ կանոնադրության ու ընտրական կանոնակարգի պահանջների ուսումնասիրությունից հետո կոմիտեն հաստատել է թեկնածուների պաշտոնական կազմերը։
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու՝ «Շիրակ ՖԱ»-ի կողմից առաջադրված Գևորգ Ղազարյանը և «Սյունիք ՖԱ»-ի կողմից առաջադրված Դենիս Ջորկաեֆը։
61-ամյա Ջորկաեֆը ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆի որդին է և աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը։ Նա եղել է ֆուտբոլիստ, ֆուտբոլային գործակալ, ակումբի նախագահ և մարզական տնօրեն։ 2020-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանի միջազգային հարցերով խորհրդականն է:
Նրա առաջադրումից շաբաթներ առաջ Ֆուտբոլի ֆեդերացիայում կանոնակարգ փոխեցին և թեկնածու առաջադրվելու համար առնվազն մեկ տարի Հայաստանում բնակվելու և հայերենին տիրապետելու պայմանը հանեցին: Այն ժամանակ արդեն կարծիքներ էին հնչում, որ այս փոփոխությունն արվում է հենց Ջորկաեֆի համար:
38-ամյա Ղազարյանը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում՝ որպես հարձակվող և կիսապաշտպան, խաղացել հայաստանյան «Փյունիկ», հունական «Օլիմպիակոս», «Կերկիրա» ակումբներում: Վերջին ակումբը, որտեղ հանդես է եկել Ղազարյանը, գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Արարատ Արմենիան» է: Նա ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2023 թվականին:
Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար հաստատվել է 29 թեկնածու։