Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու՝ դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։
Ջորկաեֆը հայտնում է, որ իր թեկնածությունն առաջադրել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբը՝ նշելով, որ ավելի քան 30 տարի իր կյանքը կապված է ֆուտբոլի հետ․ եղել է ֆուտբոլիստ, ֆուտբոլային գործակալ, ակումբի նախագահ և մարզական տնօրեն։
Նա նաև աշխատել է Ֆրանսիայում՝ որպես փոխքաղաքապետ, ինչպես նաև ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական։
«Այսօր ցանկանում եմ իմ փորձն ու ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին, մեր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին», - գրել է Ջորկաեֆը։
Նա հայտնել է, որ տեղափոխվում է Հայաստան՝ այստեղ ապրելու և աշխատելու, և առաջիկա օրերին կներկայացնի հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականն ու 2027-2031 թվականների ծրագիրը։
Ջորկաեֆը ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆի որդին է և աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը։
ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն է։ Նրա թեկնածությունն առաջադրել է Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը չի առաջադրի իր թեկնածությունը դեկտեմբերի 21-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում։
Մելիքբեկյանն այս մասին հայտարարել էր դեռ հունիսին՝ «Podcast with Garamyan»-ի եթերում։
ՀՖՖ-ն դեռ պաշտոնապես չի հրապարակել թեկնածուների գրանցված ցանկը։ Ընտրական կոմիտեն 10 օր ունի՝ թեկնածուների համապատասխանությունը ստուգելու համար, որից հետո անունները կհրապարակվեն։