Մատչելիության հղումներ

Հանդիպել են Մարկո Ռուբիոն և Վան Ին, քննարկել Սի Ծինփինի սպասվելիք այցը Վաշինգտոն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի բանակցությունները Մանիլայում, 22-ը հուլիսի, 2026թ․
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի բանակցությունները Մանիլայում, 22-ը հուլիսի, 2026թ․

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ֆիլիպիններում Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ քննարկել է նախագահ Սի Ծինփինի՝ սեպտեմբերին ԱՄՆ նախատեսվող այցի նախապատրաստությունը՝ սպասվող այցը անվանելով «շատ դրական»։ Ռուբիոյի խոսքով՝ կողմերը խոսել են նաև համագործակցության հնարավոր ուղղությունների մասին։

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գլխավոր դիվանագետների գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը Ռուբիոն ընդգծել է՝ թեև Վաշինգտոնն ու Պեկինը տարաձայնություններ ունեն, դրանք պետք է կառավարել և թույլ չտալ, որ վերահսկողությունից դուրս գան։

«Այժմ մինչև սեպտեմբեր մեր անելիքն է՝ հստակեցնել, թե որոնք են այդ ոլորտները, որպեսզի կարողանանք հիմքեր նախապատրաստել շատ դրական այցի համար... մենք շատ ենք խոսել այդ մասին», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Կան ոլորտներ, որտեղ լուրջ տարաձայնություններ կան։ Երկու կողմերն էլ դա ընդունում են։ Մենք ստիպված կլինենք անցնել դրանց միջով, և կարծում եմ՝ այս տարաձայնությունները տեսանելի ապագայում պահպանվելու են, - ասել է Ռուբիոն՝ հավելելով․ - Ակնհայտ է, որ միշտ պաշտպանելու ենք մեր ազգային շահերը, և ակնկալում եմ, որ իրենք էլ նույնն են անելու՝ ըստ իրենց մոտեցումների, բայց կարծում եմ՝ կան հնարավոր համագործակցության որոշ ոլորտներ»։

Ին անմիջապես չի մեկնաբանել ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպումը։ ԱԳՆ-ից դեռ հաղորդագրություն չեն տարածել բանակցությունների առնչությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հանդիպել էին մայիսի 14-ին Պեկինում։ Բանակցությունների օրակարգում առանցքային են եղել առևտրատնտեսական հարցերը, ինչպես նաև միջազգային անվտանգության թեմաները՝ Իրանի և Ռուսաստանի շուրջ զարգացումների ֆոնին։

Հենց այս հանդիպման ժամանակ էլ Թրամփը Սիին հրավիրել է սեպտեմբերի 24-ին այցելել Սպիտակ տուն:

Չնայած Թրամփը մայիսին Պեկինում հայտարարել էր՝ «Չինաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերություններն ավելի լավն են լինելու, քան երբևէ», հուլիսին արդեն ԱՄՆ նախագահը պնդել էր, թե Չինաստանը միջամտել է 2020-ի նախագահական ընտրություններին, որում Թրամփը պարտվել էր Ջո Բայդենին: Վաշինգտոնում Չինաստանի դեսպանության խոսնակը հավաստիացրել էր, որ «Չինաստանը երբևէ չի միջամտել և չի միջամտի ԱՄՆ նախագահական ընտրություններին»։

XS
SM
MD
LG