Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանն է: «Ազատության» հետ զրույցում նա ասաց՝ ՔՊ-ի ու «Բիզնես» կուսակցության ձևավորած դաշինքն է գլխավորելու: Ընտրությունների հոկտեմբերի 25-ին են:
«Մեր կուսակցությունը լինելու ա... «Բիզնես» կուսակցություն է անունը, էդպես ա կոչվում, ՔՊ-ի հետ դաշինքով ենք գնում ընտրության», - ասաց Առուշանյանը:
Առուշ Առուշանյանը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի թունդ քննադատներից էր: 2021-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի դեմ պայքարող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքում էր: Այդ ընտրություններից հետո կալանավորվեց ընտրակաշառք տալու մեղադրանքով: Գորիսի նախորդ ընտրություններին բանտից հաղթեց ՔՊ-ին: Ընտրողների 60 տոկոսը քվեարկել էր ընդդիմադիր Առուշանյանի օգտին:
Ինչո՞ւ է համաձայնել ՔՊ-ի ձևավորած դաշինքի թեկնածուն դառնալ
«Կառուցողական հարաբերություն ունենք, տենց, էդքանի մեջ, տենց ենք որոշել, որովհետև էս վերջին տարիները ցույց տվեցին, որ համատեղ աշխատանքը լավ է ստացվում՝ հօգուտ ժողովրդի», - նշեց նա:
44-օրյա պատերազմից հետո Առուշանյանը ՔՊ-ի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր Սյունիքի անառիկությունը խաթարելու համար: Նույնիսկ 2020-ի դեկտեմբերին գորիսեցիներին կոչ էր անում արգելել Փաշինյանի մուտքը Սյունիք: Գուցե ՔՊ-ականների հետ համատեղ աշխատանքը համայնքի մակարդակով ստացվում է, բայց փոխե՞լ է կարծիքը Փաշինյանի քաղաքականության մասին: Սկզբունքային տարաձայնություններ չունի՞:
«Նախ ես ոնց սկզբունքային իմ տեսակի ու աշխարհընկալումների մեջ կամ, էսպիսին էլ կամ, ամեն մեկն իր կարծիքին, տեսակետին է, համագործակցության մեջ էլ նույնը: Էնպես չի, որ մեր ցուցակում հարյուր մարդ կա, հարյուրն էլ նույն տեսակետն ունեն, բայց շատ հարցերի շուրջ ընդհանրական նույն կարծիքն ունենք», - ասաց Առուշանյանը:
«Ազատության» հարցին՝ «Դուք ՔՊ-ի քաղաքականությունը համարո՞ւմ եք շենացնելու գործ, հաշվի առնելով, որ 2020-ին ծայրահեղ ընդդիամդիրների շարքում էիք, նա պատասխանեց. «Եթե հիմա գործող քաղաքակսնությանը դեմ լինեի, էս պահին ինչ անում են, հետևաբար դաշինք չէի կազմի»:
Առուշանյանը վերջին տարիներին համոզվել է, որ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի օգտին է աշխատում, շենացնում երկիրը. «Էս փուլում, գոնե, ինչքան ես եմ տեսնում մինչև էս պահը ի օգուտ երկրի ա, երկիրը շենանում ա, փաստերը, որ արձանագրում ենք, ի օգուտ ժողովրդի են»:
35-ամյա Առուշանյանը մինչև Փաշինյանի իշխանության գալն էլ հանրապետական էր, կուսակցությունը լքեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, մինչ այս պահը անկուսակցական է:
Իշխող թիմի հետ մերձ հարաբերությունները Առուշանյանը վերջին ամիսներին չէր թաքցնում: Խորհրդարանական ընտրությունների քարոզրաշավին Գորիսի հրապարակում ծափահարում էր Փաշինյանին, օրեր առաջ էլ Անվտանգության խորհրդի քարտուղարի հարսանիքին էր մասնակցում:
Գուցե իշխող ուժի հետ մերձեցել է, որ էլ բանտում չհայտնվի՞: Չէ որ իր փաստաբանը նախկինում պնդում էր, որ Առուշանյանը ազատությունից զրկվել է քաղաքական դրդապատճառով: Առուշանյանը վստահեցրեց՝ նախկինում էլ, հիմա էլ՝ այդ գործը քաղաքական չի որակել: Իսկ ՔՊ-ն է պնդե՞լ, որ ցուցակը երբեմնի ծայրահեղ ընդդիմադիրը գլխավորի, թե՞ իր գաղափարն է, Առուշանյանը հրաժարվեց այս հարցին պատասխանել: