Խորհրդարանում բորբոքված քննարկումներ էին Նիցշեի, քաղաքականության, պատմության ու Սահմանադրության վերաբերյալ։ Հերոսը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանն էր՝ Հակոբ Մովսես գրական անունով։
Հակոբ Մովսեսը խորհրդարանում էր, որովհետև նրա լիազորությունները դադարեցնելու հարցն էր օրակարգում՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակմամբ։ Հիմնավորումն այն է, որ նա՝ որպես պետական անկախ մարմնի անդամ, խախտել է Սահմանադրության կետը, որով այս հանձնաժողովի անդամը քաղաքական զսպվածություն պիտի ցուցաբերի, այնինչ հարցազրույցներում Հակոբ Մովսեսը Դաշնակցության դեմ է խոսում։
1in.am-ին տված հարցազրույցում դաշնակցական գաղափարախոսությունը՝ «Մահ կամ ազատություն» կարգախոսը, վտանգավոր է համարում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ եզրակացություն ունի՝ Հակոբ Մովսեսը վարքագծի կանոն է խախտում։ Հանձնաժողովի անդամն ինքը համաձայն չէ, ասում է՝ որպես մտավորական եմ հանդես գալիս։
«Ես մեր ժողովրդի պատմությունը գիտեմ և իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները՝ լինեն քաղաքական, կուակցական, մտավորականի դիրքերից վերլուծելու», - ասաց նա։
Դաշնակցական Լիլիթ Գալստյանը հիշեցրեց, որ հանձնաժողովի անդամը խորհրդարանի ամբիոնից որպես պոետ ու մտավորական չի երդվել, այլ որպես հանձնաժողովի անդամ, որը քաղաքական չեզոքության ու բազմակարծության երաշխավոր պիտի լիներ, այնինչ, Գալստյանի տպավորությամբ, Հակոբ Մովսես մտավորականի խոսքը միշտ համահունչ է իշխանականների հետ․ նրան իշխանությունների վարքը գովերգող տրուբադուր անվանեց։
«Մտեք ՔՊ-ի ցուցակ, մանավանդ որ նախընտրական քասթինգը սկսվել է, սեզոնն է, և Ձեր նվիրումը, վստահ եմ, կգնահատվի», - ասաց Գալստյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները կարծում են՝ Հակոբ Մովսեսը թանկարժեք մտահոգություններ է հայտնել պատմության, Դաշնակցության վերաբերյալ, ահա թե ինչու դաշնակցական պատգամավորներն ուզում են փակել նրա բերանը ու նրա լիազորությունների հարցն են խորհրդարան բերել:
«Դուք ուզում եք փակեք իմ բերանը՝ օգտագործելով օրենքի տառը, այստեղ դա է տեղի ունենում, դուք վիրավորված չեք, դուք զինաթափված եք», - ասաց ՔՊ-ական Արման Եղոյանը՝ շարունակելով, թե «եթե իշխանության լինեիք, այլ կերպ կփակեիք նրա բերանը»:
Ժամեր շարունակ ՀՅԴ-ՔՊ բանավեճ ծավալվեց Դաշնակցության պատմության վերաբերյալ։
«Դուք խորտակված եք որպես քաղաքական միավոր», - ասաց ՔՊ-ականներից Արթուր Հովհաննիսյանը: Արփինե Դավոյանը այս քննարկմանն ընդառաջ նույնիսկ Դաշնակցության ծրագիրն էր ուսումնասիրել։
«Դաշնակցությանը դատողները արխիվում են, ուշքի եկեք, - իշխանականներին հորդորեց դաշնակցական Արմեն Ռուստամյանը, - 135 տարի մեզ մերժել են, բայց 135 տարի մենք կանք, այս ֆենոմենն, իհարկե, դուր չի գալիս թուրք-ադրբեջանական տանդեմին, նրանք այնքան են պայքարել մեր դեմ, որ դուք չեք հասնի դրան վազելով: Եթե Դաշնակցությունը, Դաշնակցության տեսակը չլիներ, մենք կլինեի՞նք, դուք կլինեի՞ք, պետություն, որ այսքան խոսում եք, կլինե՞ր»:
Իշխանականները Դաշնակցությանը մեղադրում էին այլ պետությանը ծառայելու մեջ, վերջիններս պնդում էին՝ պետությունն ու անկախությունը ՀՅԴ-ի ԴՆԹ-ի մեջ են։
«Դուք մեզ չեք ներում ձեր հակապատկերը լինելու համար», - շեշտեց «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը:
Պարբերաբար վերադառնում էր թեման, թե ինչի մասին է այս քննարկումը՝ անկախ հանձնաժողովի անդամը քաղաքական զսպվածության վերաբերյալ սահմանադրական նորմն է խախտել։ Դաշնակցական Քրիստինե Վարդանյանը հաշվել է, թե որքան գումար է ստացել Հակոբ Մովսեսը հարկատուների գրպանից, որ, պատգամավորի բնորոշմամբ, իշխանական պրոպագանդիստ աշխատի. «Այս ամենի համար Հակոբ Մովսեսը այս 4 տարի 30 միլիոն դրամ է ստացել պետությունից»:
Հակոբ Մովսեսը եզրափակիչ ելույթում անդրադարձավ միայն Դաշնակցության վերաբերյալ քննարկումներին. «Չեմ ընդունում, որ ես Դաշնակցության հասցեին քաղաքական ոտնձգություն եմ կատարել, ես պատմական անալիզ եմ արել և եզրակացության հանգել»:
Նրա լիազորությունները դադարեցնելու հարցը խորհրդարանը վաղն է քվեարկելու։ Այսօր արդեն հստակ է, որ նա կշարունակի պաշտոնավարել։ Իշխանականները նրա ելույթները համարում են ճշմարիտ, կարծում են, որ 4 տարի առաջ էլ ճիշտ ընտրություն են արել նրան ընտրելով և տեղին չեն համարում այս քննարկումը մեծ մտավորականի անվան շուրջ։
Հնչեցին թեթև հորդորներ, որ հրապարակային դատողություններում ավելի զգայուն, զուսպ լինի։ Ընդդիմությունն էլ է վստահ, որ իրենց առաջարկը չի անցնի․ Հակոբ Մովսեսը կշարունակի հանձնաժողովի անդամ մնալ։