ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջանների մի շարք ընտրողների ընտրակաշառք են տվել:
Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է ձայնագրություն: Իրավապահների հաղորդմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ:
Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդը խոսել էր ճնշումներից ու հետապնդումներից՝ առանց հստակեցումների:
Մինչ ընդդիմադիրները իշխանությանն են մեղադրում ընտրողի քվեն գողանալու համար, նախօրեին խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ընդդիմությունը կամիր գիծ է հատել՝ բաժանելով ընտրակաշառք:
«Անկեղծ եմ ասում՝ ինձ նենց մեկ է «Բարգավաճ Հայաստանը» կանցնի, չի անցնի, ընտրակաշառք բաժանող «Բարգավաճ Հայաստանները», «Ուժեղ Հայաստանները», «Հայաստան» դաշինքները առհասարակ մեր քաղաքական կյանքում տեղ չպիտի ունենան, այդ տեսակ ուժերն առհասարակ չպիտի լինեն մեր քաղաքական դաշտում: Ընտրակաշառք բաժանողը, ընտրակեղծարարությամբ զբաղվողը Հայաստանի Հանրապետությունից պիտի արմատախիլ արվի», - հայտարարեց Ավինյանը: