Ղազախստանի նավթի արտահանման գլխավոր տերմինալը Սև ծովում այսօր՝ այս ամսվա ընթացքում, արդեն երրորդ անգամ է փակվել։ Նավթատար լցանավերի բեռնման աշխատանքները դադարեցվել են այն բանից հետո, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու նավի՝ Ռուսաստանում Նովոռոսիյսկի նավահանգստում գտնվող տերմինալում և դրա հարակից տարածքում։
Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը (CPC), որին պատկանում են տերմինալը և Ղազախստանի նավթը Ռուսաստանի տարածքով դեպի Սև ծով տեղափոխող խողովակաշարը, այդ մասին հայտնել էր տերմինալում նավերի բեռնման աշխատանքների վերսկսումից ընդամենը երկու օր անց։
CPC-ի ենթակառուցվածքի աշխատանքի կրկնվող խափանումները, որի միջոցով իրականացվում է Ղազախստանի նավթի արտահանման շուրջ 80%-ը, ընդգծում են Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի հետևանքով երկրի տնտեսական շահերի, ինչպես նաև Ղազախստանում խոշոր ներդրումներ ունեցող ամերիկյան Chevron և Exxon նավթային ընկերությունների շահերի համար աճող վտանգը։
Նախկինում արտահանման աշխատանքների դադարեցումները ստիպել էին Կենտրոնական Ասիայի պետությանը, որը OPEC+ խմբի շրջանակում աշխարհի նավթի արտահանող տասը խոշորագույն երկրների թվում է, ժամանակավորապես կրճատել արդյունահանումը, քանի որ համաշխարհային շուկաներ նավթ մատակարարելու այլ հեշտընտրանքային երթուղի չունի։
Վերջին միջադեպի ժամանակ CPC-ն հայտնել է, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Մարշալյան կղզիների դրոշի ներքո գործող Nissos Sifnos և Մեն կղզու դրոշի ներքո գործող Marathi լցանավերի վրա, ինչի հետևանքով Nissos Sifnos-ում հրդեհ է բռնկվել։ Կոնսորցիումի տվյալներով՝ Nissos Sifnos-ին հարվածել են հենց այն պահին, երբ բեռնվում էր CPC-ի տերմինալում։
Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը հաստատել է հարվածների փաստը, սակայն չի նշել, որ դրանց հեղինակը Ուկրաինան է։ Ուկրաինան հայտարարել է, որ հարվածել են Ռուսաստանի չորս լցանավերի Սև և Ազովի ծովերում, սակայն չեն հստակեցրել, թե որտեղ։
Ղազախստանը նախկինում դատապարտել է CPC-ի օբյեկտների վրա իրականացված հարձակումները, մինչդեռ Կիևը դրանք պաշտպանել է՝ որպես Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցող ենթակառուցվածքի դեմ իրականացվող արշավի մաս՝ ընդգծելով, որ այդ գործողություններն ուղղված չեն Ղազախստանի դեմ։
Կենտրոնասիական պետությունը նավթի մեծ մասն արտահանում է Եվրոպա
20 միլիոն բնակչություն ունեցող Ղազախստանը, որն ունի աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ, Կենտրոնական Ասիայի խոշորագույն տնտեսությունն է և էներգակիրների ու օգտակար հանածոների կարևոր արտադրող։ Երկիրը ապահովում է աշխարհում օրական նավթի մատակարարումների մոտ 2%-ը, իսկ արտահանման հիմնական ուղղությունը Եվրոպան է։
Ինչպես Կենտրոնական Ասիայի մյուս երկրներում, այնպես էլ Ղազախստանում պատերազմը պարբերաբար առաջացրել է գնաճային ցնցումներ, միաժամանակ խթանել տնտեսական աճը՝ առևտրային երթուղիների վերաուղղման շնորհիվ։ ՌԴ-ն շարունակում է մնալ երկրի գլխավոր առևտրային գործընկերը։
1 510 կիլոմետր երկարությամբ CPC-ի խողովակաշարն աշխարհում ամենաերկարներից մեկն է։ Դրա կառուցումը սկսվել է 1999-ին, իսկ Chevron-ը, Exxon-ը և ամերիկյան այլ ընկերություններ ապահովել են շուրջ 2,6 միլիարդ դոլար արժողությամբ նախագծի ներդրումների գրեթե կեսը։ Խողովակաշարը ձգվում է Ղազախստանի խոշոր Թենգիզ նավթահանքից մինչև ՌԴ-ի Սևծովյան ափ։
CPC-ի խոշորագույն բաժնետերերն են Ռուսաստանի «Տրանսնեֆտ»-ը, Ղազախստանի «Կազմունայգազ»-ը և Chevron-ը։
Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Աքքենժենովը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջուլի Ստաֆթի հետ, և «առանձնահատուկ ուշադրություն» են դարձրել տարածաշրջանային էներգետիկ անվտանգությանը, արտահանման ենթակառուցվածքի հուսալի աշխատանքին և համաշխարհային շուկաներ մատակարարումների կայունությանը, հայտնել էր նախարարությունը։
Նախօրեին Ղազախստանի արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարար Երմեկ Կոշերբաևի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև CPC-ի հարցը։
CPC-ին այլընտրանք հանդիսացող երթուղիները՝ արևմուտք՝ Կասպից ծովով դեպի Ադրբեջան, այնուհետև Թուրքիա, ինչպես նաև արևելք՝ Չինաստան տանող խողովակաշարերով, սահմանափակված են թողունակության խնդիրների պատճառով։
Ղազախստանը պատերազմի հարցում փորձում է պահպանել հավասարակշռություն
Վերջին չորսուկես տարիների ընթացքում Ղազախստանը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի հարցում վարում է զգուշավոր դիվանագիտական քաղաքականություն․ չաջակցելով Ռուսաստանին, որի հետ պաշտոնապես դաշնակից է, միաժամանակ դատապարտում է CPC-ի դեմ իրականացվող ուկրաինական հարձակումները։
Անցած շաբաթավերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրապարակայնորեն առաջարկեց Պուտինին «սառեցնել» պատերազմը Ուկրաինայում և սկսել խաղաղ բանակցություններ։
Տոկաևի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցի ընթացքում՝ 2025-ի օգոստոսին, Ղազախստանի նախագահը վերահաստատել էր իր երկրի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն միևնույն ժամանակ խորհուրդ էր տվել համաձայնել Ռուսաստանի հետ խաղաղության պայմաններին՝ ասելով. «Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան՝ լավ պատերազմը»։