Մատչելիության հղումներ

Գերմանիայում և Ավստրիայում խուզարկություններ են անցկացվել Ռուսաստան մեքենաներ արտահանելու գործով

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում և Գերմանիայի Նոյշտադտ ան դեր Վայնշտրասե քաղաքում խուզարկություններ են անցկացվել երկու ձեռնարկատերերի տներում, որոնք կասկածվում են ԵՄ պատժամիջոցները շրջանցելու միջոցով Ռուսաստան ավտոմեքենաներ մատակարարելու մեջ, հայտնում է Գերմանիայի Կայզերսլաուտերնի դատախազությունը։

Հետաքննությունը վարում են Գերմանիայի, Ավստրիայի և Բելգիայի իշխանությունները։ Հետաքննիչների տվյալներով՝ 2022 թվականի աշնանից մինչև 2024 թվականի վերջը երկու գործարարներ, շրջանցելով պատժամիջոցները, Ռուսաստան են արտահանել 53 մարդատար մեքենա և վեց բեռնատար։ Ենթադրվում է, որ անօրինական արտահանումը թաքցնելու համար ձեռնարկատերերը տրանսպորտային միջոցները տեղափոխել են հարևան երկրներով, մասնավորապես՝ Բելառուսով, Ղրղզստանով և Վրաստանով։

Խուզարկություններ են անցկացվել կասկածյալների տներում և գրասենյակներում: Դատախազության պահանջով Կայզերսլաուտերնի դատարանը առգրավել է մոտ 7 միլիոն եվրո արժողությամբ գույք: Բացի դրանից՝ Նոյշտադտում առգրավվել են երկու Porsche և մեկ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաներ, Վիեննայում՝ 85,000 եվրո կանխիկ գումար, իսկ Գերմանիայում, Ավստրիայում և Բելգիայում՝ 278,000 եվրո բանկային հաշիվներ:

Հետաքննության ընթացքում զենքի մասին օրենքների խախտման պատճառով Նոյշտադտից մի գործարարի մոտ հայտնաբերվել և առգրավվել են երեք որսորդական հրացաններ և փամփուշտներ։

2022 թվականի մարտին Եվրամիությունն արգելել է Ռուսաստան արտահանել 50,000 եվրոյից ավելի արժողությամբ մեքենաներ, իսկ 2023 թվականի հունիսին արգելվել է էլեկտրական և հիբրիդային մեքենաների արտահանումը։

Անկախ պատժամիջոցներից՝ շքեղ մեքենաները շարունակում են ներմուծվել Ռուսաստան։ 2026 թվականի սկզբին TriTrace Investigations-ը հաղորդել է, որ 2022 թվականի մարտից ի վեր պատժամիջոցների շրջանցմամբ Ռուսաստան է ներմուծվել Bentley, Ferrari, Lamborghini, Maserati և Rolls-Royce մակնիշի առնվազն 214 մեքենա՝ 5.9 միլիարդ ռուբլի (ավելի քան 75 միլիոն դոլար) արժողությամբ։

Մեքենաները Ռուսաստան են ներմուծվել հիմնականում Բելառուսի (64 մեքենա), Թուրքիայի (45), Ղազախստանի (41), Իտալիայի (14) և Հայաստանի (10) միջոցով։ Մեքենաների կեսից ավելին (206-ից 116-ը) ներմուծվել է ԵԱՏՄ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միջոցով։

​
XS
SM
MD
LG